‘Ռազմական ինստիտուտի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին’

1193

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին: Հայտնում են Քննչական կոմիտեից: Ըստ այդմ, նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ  Բարսեղյանի և Արշակ Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին,  միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին: «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Մարդկանց մեջ արթնացած հույսը ծլարձակում է’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Բերման են ենթարկում ԲՀԿ ներկայացուցիչների’