‘
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել «Ապարան» ջոկատի հրամանատար, «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ: Ըստ այդ տեղեկությունների՝ հաղորդման հեղինակը «Ռ.Վգազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին է՝ Ռաֆայել Մխիթարյանը:
Նա ոստիկանությանը փորձում է համոզել, թե իբր Ռ. Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրենց ընտանիքին: «Ժողովուրդը» սեպտեմբերի 25–ին տեղեկացրել էր, որ նշված ընտանիքի և Պետրոսյանի միջև գույքային վեճ կա: «Կարելի է ենթադրել, որ Ռազմիկ Պետրոսյանի հետ կապված վերջին աղմկոտ պատմություններից հետո ՀՀ իշխանությունները որոշել են այս կերպ նրանից վրեժխնդիր լինել՝ փորձելով նրա դեմ քրեական գործը «վերակենդանացնել»։ Ներկայումս ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա հետաքննություն է ընթանում, և նյութեր են նախապատրաստվում»,–գրում է թերթը։
‘