‘
Հայաստանը իրապես մեծ ֆուտբոլային մեկնաբան է կորցնում, ով կարող էր ըստ արժանվույն ներկայացնել ֆուտբոլային հանդիպումները մեր հանդիսատեսներին:
Երեկ պատահաբար Հ1 հեռուստաալիքը միացրի և տեսա՝ ՖԻՖԱ-ի նշանի տակ ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը: Քիչ էր մնում «երջանկանայի», որ վերջապես այս մարդը գտել է ինքն իրեն այս կյանքում և ինչ-որ կերպ «պետքական» կարող է լինել Հայաստանին, սակայն սարսափելի հիասթափություն էր ինձ սպասում՝ այն պահին, երբ ֆուտբոլի մասին խոսելուց հետո Սերժ Սարգսյանը սկսեց քաղաքականության մասին էլ դատողություններ անել:
Իհարկե, ինչպես դիպուկ նկատել է Հրանտ Տեր-Աբրահամյանը, աշխարհում չի գտնվի մի մարդ, ով միաժամանակ երկրպագի Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականներին, քանի որ դրանք տարբեր ոճի ֆուտբոլներ են, ու կա՛մ խաղային մի ոճը պետք է նախընտրես, կա՛մ մյուսը, սակայն հաշվի առնելով Սերժ Սարգսյանի «և-և»-ի «հանճարեղագույն» փիլիսոփայությունը՝ կարելի է հստակորեն ասել, որ մարդ կարող է միաժամանակ ատել ռասիստներին և սևամորթներին, միաժամանակ սիրել հոմոֆոբներին և արվամոլներին, միաժամանակ ձգտել դառնալ ԵՄ ասոցացման անդամ և մտնել Մաքսային միություն, միաժամանակ պայքարել օլիգարխների դեմ և լինել ամենամեծ օլիգարխը, խոսել ազատ և պատասխանատու մամուլի անհրաժեշտության մասին, միաժամանակ փեսայի միջոցով վերահսկել ամբողջ «ազատ մամուլը»….
Այնպես որ, Սերժ Սարգսյանն իր կյանքի «փորձով» ապացուցել է Հրանտ Տեր-Աբրահամյանի թեզի սխալականությունն ու «սնանկությունը» ու նաև ավանդական այն տեսակետը, որ հնարավոր չէ և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ…
Ինչպես տեսնում ենք՝ Սերժ Սարգսյանը և՛ իրեն կույսի պես է պահում, և՛ հաճույք է ստանում Հայաստանի ներկա իրավիճակից, որի մասին էլ խոսում էր վերոնշյալ հարցազրույցում: Մինչև բուն թեմային անցնելը ևս մի հանճարեղ միտք է հայտնում ամենաընտրյալը. այն է, թե նա ցանկանում է, որ Գերմանիան չեմպիոն դառնա, որպեսզի մենք կարողանանք արդարանալ, որ մենք աշխարհի չեմպիոնին ենք խոշոր հաշվով պարտվել:
Այս նույն փիլիոփայությունը կարելի է տեղափոխել նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում. Սերժ Սարգսյանը մի օր էլ կարող է ուրախանալ եւ Արցախն Ադրբեջանին նվիրաբերելու դեպքում գլուխ գովել, թե հպարտ է, որ պարտություն է կրել մեզանից հարյուրապատիկ ավելի ուժեղ երկրից, քանի որ ադրբեջանցիները մեզանից հարյուրապատիկ ավելի շատ զենք են գնում:
Օրինակ՝ ես չեմ զարմանա, որ այսպիսի բան հայտարարի Սերժ Սարգսյանը, քանի որ նույն հարցազրույցի մեջ նա նշում է, որ Հայաստանը 1994 թվից հետո նպատակ չի ունեցել պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ, այսինքն, ըստ Սերժ Սարգսյանի՝ մինչ այդ Հայաստանը նպատակ է ունեցել պատերազմել Ադրբեջանի հետ:
Հաջորդ միտքն էլ այն է, որ Ադրբեջանը ցանկանում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ պատերազմը չի ավարտվել, և կարող է Արցախի հարցը լուծել պատերազմի միջոցով:
Իրականում՝ ցավալի է, որ երկրի ղեկավար համարվող անձն ինքը չի գիտակցում, որ իրապես պատերազմը չի ավարտվել, և նրան թվում է, թե զինադադարը կարող է տևել հավերժ, և այդ հավերժության մեջ էլ ինքն ու իր եղբայր Սաշիկ Սարգսյանը կարող են վայելել ստատուս քվոն:
Մեկ էլ, որտեղից-որտեղ՝ Սերժ Սարգսյանը հիշեց, որ դեռ կիսատ գործեր ունի, և 60 տարիները հերիք չեն արել նրան՝ իր բոլոր նպատակների իրականացման համար: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վեց տարին ի՛սկը ապացույցն են այն բանի, թե նա ինչպես է իրականացնում իր նպատակները: Ու դրանց «իրականացումը» շարունակելու դեպքում, հաստատ, Հայաստանն էլ կջնջվի աշխարհի երեսից:
Սակայն պարզվում է՝ չջնջվելու համար «ամենաընտրյալը» լուրջ քայլեր է իրականացրել՝ Մաքսային միություն Հայաստանին մտցնելիս: Ըստ «և-և»-ի մասնագետի՝ կարևոր չէ Նազարբաևի կողմից Ալիևի նամակի ընթերցումը, կամ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի տեղադրումը, կարևորն այն է, որ նա պայմանավորվածություն է ձեռք բերել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների հետ, որ Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները ևս հինգ տարի մաքսազերծվեն նախկին գներով:
Հոգ չէ, որ գազն ու հոսանքը թանկանում են, կարևորը, ինչպես Առաքել Սեմիրջյանն էր նշել՝ ևս հինգ տարի, ու եթե հաջողվի՝ նույնիսկ յոթ տարի դինամոյի ծիծիկները էժան մաքսազերծվեն…
Սանասար Հավասարյան
‘