Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ԱՄՆ-ին և Արևմուտքի երկրներին մեղադրել է ասեկոսեներ ու ապատեղեկատվություն տարածելով՝ Իրանում հակակառավարական ցույցեր հրահրելու մեջ։
Այդ մասին, ինչպես չորեքշաբթի փոխանցել է Al-Alam հեռուստաալիքը, Ռաիսին հայտարարել է Թեհրանում 19801988 թթ․ իրանա-իրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպմանը։
«Իսլամական հեղափոխության թշնամիները, կեղծիք տարածելով, չեն կարող հասնել իրենց նպատակին և պառակտել իրանցի ժողովրդին,- ասել է Ռաիսին։- Երիտասարդությանը,- դրանք մեր երեխաներն են,- և բոլոր խաբվածներին հայրենիքն իր գիրկը կառնի, սակայն դավաճաններին չենք խնայի»։
Ըստ նախագահ Ռաիսիի՝ Իրանում սեպտեմբերի կեսերին ծայր առած անկարգությունների ու ցույցերի կազմակերպիչները «երեսպաշտներ, միապետականներ ու հակահեղափոխականներ են, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր դեմ են իսլամական հանրապետությանը»։
Սաուդյան Asharq Al-Awsat թերթի տեղեկություններով՝ երեք ամիս շարունակ հանրահավաքներ ու երթեր են տեղի ունեցել Իրանի 157 քաղաքներում ու բնակավայրերում։ Ցուցարարները դեմոկրատական փոփոխությունների կոչեր են արել, դատապարտել են բռնություններն իշխանությունների կողմից և պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին։ Սեպտեմբերի կեսերից Իրանում, թերթի տվյալներով, ձերբակալվել է 18,5 հազար մարդ։ Անկարգությունները ճնշելու ընթացքում զոհվել են 507 ցուցարար և 66 ուժային աշխատակիցներ։
Փոխանցում է tass.ru-ն։