‘Ռալֆ Յիրիկյան. Դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսությունում’

1531

 «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունն, անկասկած,  որոշակի ճնշում է զգում Հայաստանի արժույթի շուկայում առկա իրավիճակի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով, ընկերությունում ակնկալում են, որ հայկական դրամի արժեզրկումը լրջորեն չի ազդի «ՎիվաՍել-ՄՏՍ» գործունեության վրա: «Հուսով ենք, որ արժեզրկման գործընթացը  չի շարունակվի` չնայած  շուկայում առկա իրավիճակին առնչվող բոլոր դժվարություններին: Կարող եմ նշել սոսկ մեկ օրինակ. երբ մենք րոպեներ ենք գնում արտասահմանում, որոնք անհրաժեշտ է վերավաճառել ընկերության բաժանորդներին, այդ րոպեների դիմաց վճարումը պետք է կատարենք դոլարով, սակայն դրա համար հարկավոր է դրամը փոխանակել արտարժույթով: Մի քանի ամիս առաջ խոսք էր գնում մեկ թվի մասին, իսկ այսօր` մեկ ուրիշ: Միևնույն ժամանակ, մեր սակագները չեն բարձրացել, դրանք կամ նախկին մակարդակում են, կամ նվազում են», — նշել է գլխավոր տնօրենը, հավելելով, որ այսօրվա դրությամբ ընկերությունը մտադիր չէ բարձրացնել սակագները` արժույթի շուկայում առկա իրավիճակի առնչությաբ: «Առաջիկայում միջազգային զանգերի սակագների բարձրացում չի նախատեսվում: Ընդհակառակը, մենք միշտ ծառայությունների արժեքի նվազեցման հնարավորություններ ենք փնտրում, որպեսզի շուկայում մրցունակ լինենք` մեր բաժանորդներին տրամադրելով հարմար սակագներ: Սակայն դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսությունում, և դա ինչ հետևանքների կհանգեցնի: Կարևոր է ամեն բան քննարկել  և հաշվարկել` պայմանավորվելով տնտեսական կանխատեսումներով: Եվ դրանից հետո միայն համապատասխան քայլեր ձեռնարկել: Չեմ կարծում, թե սակագների բարձրացման մասին հապճեպ որոշմամբ կարելի է խնդիրները լուծել: Անհրաժեշտ է հասկանալ իրավիճակը և կողմնորոշվել Հայաստանի տնտեսության միտումներով», — նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին դոլարի փոխարժեքը կազմել է 457.31 դրամ` նախորդ օրվա համեմատ բարձրանալով 2,23 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 566.65 դրամ (բարձրացել է 4.81 դրամով), բրիտանական ֆունտինը` 716.65 դրամ (բարձրացել է 4.81 դրամով), իսկ ռուսական ռուբլունը`8 .42  դրամ (բարձրացել է 0.02 դրամով): Թանկարժեք մետաղների գները. արծաթ` 240.69 դրամ, ոսկի` 18,040.4 դրամ, պլատին` 18,290.35 դրամ:  “NASDAQ OMX ARMENIA” բորսայում դեկտեմբերի 10-ին 100,000 դոլարի առքուվաճառք է կատարվել` դոլարի դիմաց 461 դրամ միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 461 դրամ:

«ՎիվաՍել-ՄՏՍ» հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80%-ի սեփականատերը Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե տելեսիստեմի» ԲԲԸ-ն է, մնացած 20%-ը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:

Նախորդ հոդվածը‘Կարսում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Փոքրիկ իշխանը» ‘