‘Ռամիլ Սաֆարովի արտահանձման հարցում մեղավոր է նաև ՀՀ կառավարությունը. Վարդան Օսկանյան’

858

Նախ եկեք համարձակություն ունենանք ընդունելու և արձանագրելու, որ մեր բոլորի զայրույթի և հիասթափության պատճառներից մեկը նաև մեր կառավարության անգործությունն ու թերացումն է այս հարցում: Անընդունելի և անհասկանալի է, որ մեր ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանը՝ Հայաստանի կառավարությունը՝ իր համապատասխան գերատեսչություններով, այս ամենի մասին իմանում է ոճրագործի՝ Բաքու ժամանելուց հետո: Ինչպես հաղորդում է iLur.am-ը, այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու փաստին: Օսկանյանը անբացատրելի համարեց այն փաստը, որ, շաբաթներ առաջ հունգարահայ համայնքի, հայկական կազմակերպությունների ահազանգերից հետո ոչինչ չի արվել Հայաստանի գերատեսչությունների կողմից: Նրա խոսքով` անբացատրելի և անընդունելի է, որ մեր գերատեսչությունները հետևողական չեն եղել այս հարցում և հենց առաջինը չեն իմացել, որ Հունգարիան Ադրբեջանի հետ նման գործարքի է գնում: 

«Ես կարծում եմ, որ այս խորհրդարանը բացատրություն պետք է պահանջի կառավարությունից: Պարզապես կասկած չունեմ, որ եթե այն ամենը, ինչ առ այսօր որպես արձագանք մենք արել ենք, որպես սպառնալիք անեինք երկու շաբաթ առաջ, Սաֆարովն այսօր կլիներ իր խցում»,- եզրափակել է Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին` Բուդապեշտում, քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան, որտեղ ոճրագործն իր պատիժն էր կրում, արտահանձնել է Ադրբեջանին: Մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ մայորի կոչում ստացել: Հայաստանը որոշում է կայացրել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Այդ մասին տեղեկացվել է նաեւ Հունգարիայի ԱԳՆ-ն: Արդեն իսկ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություններ, քաղաքական ուժեր եւ գործիչներ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԺ հայտարարությունը. Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոն’