‘Ռամիլ Սաֆարովի գործը լուրջ արձագանք է ստացել Եվրախորհրդարանում’

793

Եվրախորհրդարանի խոշոր քաղաքական ուժերն իրենց բանաձևերում անդրադարձել են Ռամիլ Սաֆարովի արտահանձնման շուրջ առաջացած իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով Սաֆարովի ազատ արձակման և դրա հետևանքների առնչությամբ, ինչպես նաև կոչեր ու առաջարկներ ուղղելով  Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին:

Այսպես՝

Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խմբակցությունն ընդգծել է, որ Սաֆարովի ազատ արձակումը վատ նախադեպ է ապագայի համար և  բացասաբար կազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այս խմբակցության անդամները հույս են հայտնել, որ երկու երկրների նախագահները ձեռնպահ կմնան իրավիճակն էլ ավելի սրող գործողություններից:

Սոցիալիստներին տարակուսանքի մեջ է դրել այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել մի հանցագործի, որին ցմահ ազատազրկման է դատապարտել Եվրամիության անդամ երկրներից մեկը:

Լիբերալների կարծիքով՝ այս փաստը բացասաբար կազդի Ադրբեջանում օրենքի գերակայության և արդարադատության վրա:

Իսկ պահպանողական խմբակցությանը մտահոգել են այն փառաբանությունն ու պարգևները, որոնց արժանացել է Ռամիլ Սաֆարովը հայրենիք վերադառնալուն պես: Պահպանողականները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ այնուամենայնիվ, չընդհատել բանակցային գործընթացը:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Առանց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման՝ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Ըննդիմությունը պետք է շնորհակալություն հայտնի Վերահսկիչ պալատին` չարաշահումները բացահայտելու հարցում. Լևոն Զուրաբյան’