‘Ռանյերին՝ իր, «Լեսթերի» և ֆուտբոլի մասին ‘

1474

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիին այնպես է աշխատում, այնպես է շփվում լրագրողների հետ, որ Դիեգո Սիմեոնեն ու Ժոզե Մոուրինյուն կարող են վերցնել նոթատետրերն ու նշումներ կատարել: «SKY»-ը առանձնացրել է իտալացու ուշագրավ հայտարարությունները, որոնք ներկայացնում ենք ստորև: 

«Չելսիում» աշխատելու շրջանը

«Ես փոխվել չեմ կարող: Ինչպես Ֆրենկ Սինատրան՝ ամեն ինչ իմ ձևով եմ անում»:

«Երբ խոսում եմ ֆուտբոլիստների հետ, սկզբում անգլերեն եմ հաղորդակցվում, հետո ներողություն եմ խնդրում և անցնում իտալերենի, իսկ դաշտում մեկ այլ լեզվով եմ խոսում, որպեսզի մրցակցի մարզիչն ինձ չհասկանա»:

«Եթե հաջողության համար իսկապես հիմնական կազմի 11 և պահեստային 3-4 խաղացող է անհրաժեշտ, ապա ինչու՞ Քրիստափոր Կոլումբոսն ուղևորվեց Հնդկաստանը հայտնաբերելու, բայց Ամերիկան գտավ»:

«Ֆուտբոլի մարզիչն ասես պարաշյուտիստ լինի: Քեզ պարաշյուտ են տալիս, ու այն երբեք չի բացվում, բայց դու նաև անձրևանոց ունես, ինչպես Մերի Պոպինսը»:

«Պետք է շնորհակալություն հայտնեմ ձեզ՝ լրագրողներիդ, քանի որ դուք հիանալի աշխատանք եք կատարում: Դուք ինձ կենդանի մեռել եք անվանում, ապա ինքներդ սպանում եք: Պետք է ձեզ էսպրեսսո հյուրասիրեմ»:

«Գլխավոր մրցակիցս մայրս է: Նա 84 տարեկան է, և երբ Դեմյեն Դաֆֆը չի խաղում, զանգահարում ու հարցնում է: «Կլաուդիո, ինչո՞ւ նրան դաշտ դուրս չես բերել»: Այնպես որ, եթե վնասվածքների պատճառով ինչ-որ մեկին փոխարինելու կարիք է լինում, մայրիկիս հետ եմ խորհրդակցում»:

Պետք է նշել, որ Ռանյերին ոչ միայն լրագրողների համար է անհասկանալի եղել: «Չելսիի» նախկին դարպասապահ Մարկ Բոսնիչը հիշում է, որ ֆուտբոլիստները խաղից հետո չեն կարողացել հասկանալ՝ մարզիչը գո՞հ է, թե՞ ոչ:

 

«Լեսթեր», սկիզբ

«Երբ դուք դաշտ եք դուրս գալիս ու «Kasabian»-ի «Fire» երգն եք լսում, նշանակում է՝ պետք է մինչև վերջ պայքարեք»:

«Արսեն Վենգերը կարող է հարձակման գծում Պետեր Չեխին դուրս բերել, իսկ դարպասի դիմաց Ալեքսիս Սանչեսին կանգնեցնել, միևնույն է՝ «Արսենալը» ուժեղ թիմ կլինի, արագ և խելացի: Նրանց մոտ թույլ կողմեր չեմ գտնում: Եթե անգամ տեսնեի, չէի նշի»:

 

«Ես տարօրինակ իտալացի եմ. երբեք 0:0 հաշվի հետ չեմ համակերպվում: Այո, ֆուտբոլիստներին պիցցայով եմ մոտիվացրել, որպեսզի ավելի լավ խաղան պաշտպանությունում, սակայն մեզ համար գլխավորը հարձակման գիծն է»:

«Թիմում ինձ միայն երջանիկ ֆուտբոլիստներ են անհրաժեշտ: Երբեք նրանց իրենց կամքին հակառակ չեմ պահի: Դա իմ փիլիսոփայությունն է: Մենք ցանկանում ենք պահպանել Վարդիին և մյուս լավ խաղացողներին, բայց եթե նրանք ցանկանան գնալ, թող իրենց սրտին ու մտքին լսեն: Ամեն դեպքում, եթե ակումբի նախագահը լինեի, Վարդիին միայն շատ մեծ գումարի դիմաց կվաճառեի: Ցանկանո՞ւմ եք Ջեյմիի տրանսֆերը, պատրաստեք դրամապանակները»:

««Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը մեծ մարտահրավեր է լինելու, նրանք իսկական հսկաներ են: Լուի վան Գալն էլ լավագույն մարզիչներից է, սակայն հիշում եմ, թե ինչպես մի անգամ 10 օրվա մեջ 3 անգամ «Վալենսիայի» հետ հաղթեցի նրա «Բարսելոնային»:

 

Երբ Արսեն Վենգերը հայտարարեց, թե «Լեսթերին» ԱՊԼ-ի ֆավորիտ համարել չի կարելի. «Վենգերը կատակասեր է: Իրականում բոլորս ամեն բան հասկանում ենք: Այո, առաջնությունը բավականին տարօրինակ ընթացք ունի, բայց մեր նպատակը 40 միավորն էր: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Լեսթերն» ավելի ուժեղ կլինի, և մենք առաջատարների հետ կմրցակցենք»:

«Ջեյմնի Վարդին միացված էլեկտրական լամպ է: Կարծում եմ, որ նրա էներգիան հոսանք է արտադրում: Եթե նրան իմ տուն տանեմ, հոսանքի վարձ չեմ մուծի»:

16-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո («Լեսթերը» 35 միավոր վաստակեց). «Տղաներին ասել եմ, որ ևս 5 միավոր, ու մենք ապահով կլինենք: Մեր նպատակը 40 միավոր վաստակելն է, որպեսզի խուսափենք դուրս մնալուց: Միայն դրան հասնելուց հետո կարող ենք այլ նպատակի ձգտել»:

«Մեր երկրպագուները քնում են ու չեմպիոնություն են տեսնում, իսկ ես չեմ ուզում արթնացնել նրանց: Հպարտ եմ իմ թիմով, բայց պետք է խուսափենք ավելորդ ճնշումներից»:

«Մենք երիտասարդ թիմ ունենք, որը սովոր չէ Պրեմիեր լիգայում առաջատարի դիրքին: Դրա համար էլ կարևոր է, որ ֆուտբոլիստները չմտածեն այդ մասին: Դա լեռ բարձրանալու պես է. եթե դու ներքև նայես, ապա կբացականչես. «Օ՜, աստված»: Վաղ թե ուշ «Լեսթերն» իսկապես կպարտվի: Հույս ունեմ, որ ուշ, իսկ մինչ այդ պետք է պարզապես շարունակենք աշխատել»:

«Այլևս ԱՊԼ-ից դուրս մնալու համար չեմ անհանգստանում: «Լեսթերն» ասես Ֆորեսթ Գամփը լինի. մենք անընդհատ առաջ ենք վազում, վազում ու վազում: Մենք բավարար տոկունություն ունենք»:

 

«Ես հրաշագործ չեմ, սակայն, սիրում եմ աշխատանքս ու ցանկանում եմ սովորել: Ճապոնական ֆոտոապարատի եմ նման՝ ավելի լավն եմ դառնում լուսանկարներ անելով: Սկզբում ճապոնական ֆոտոապարատներն այսպիսին չէին, իսկ հիմա նրանք լավագույններից են»:

«ԱՊԼ-ում ինչ-որ խելահեղություն է տիրում: Ինձ թվում է՝ ոչ ոք չի ցանկանում հաղթել առաջնությունում: Դա տարօրինակ է: Այն, ինչ մենք ենք անում, իսկական հրաշք է: Դրա համար ֆուտբոլիստներին միայն շնորհակալություն կարող եմ հայտնել»:

«Լեսթերը» չեմպինության ճանապարհին

«Մենք կարողացանք 40 միավոր վաստակել: Հիմա մեզ նոր նպատակ է անհրաժեշտ: Ինչո՞ւ երկրորդ շրջանում ևս 40 միավոր չվաստակենք: Խելահեղ մրցաշրջան է, ու ամեն ինչ հնարավոր է»:

«Ի՞նչ իրավիճակ է Ջեյմի Վարդիի պայմանագրի երկարաձգման գործընթացում: Չգիտեմ, ես ընդամենը մարզիչ եմ (ծիծաղելով քիթն է ցույց տալիս): Ես Պինոկիոն եմ»:

«Այս դարում երբ, ամեն ինչ փողով է որոշվում, «Լեսթերը» հույս է տալիս յուրաքանչյուրին»:

«Չգիտեմ` չեմպիոն կդառնա՞նք: Այն փաստը, որ մեզ տիտղոսի մասին են հարցնում, արդեն ֆանտաստիկ է: Մեր ուժը կրքի մեջ է»:

«Նկատել եմ, որ ֆուտբոլիստները վախենում են, թե իտալացի նոր մարզիչը նրանց կսկսի մարտավարական բարդություններով ծանրաբեռնել: Դրա համար էլ իմ ֆուտբոլիստներին խոստացա, որ մարտավարություն գրեթե չի լինի: Հիմա նրանք այնպես են վազում, ինչպես քչերն են ընդունակ»:

«Բուքմեյքերներին չեմ հավատում: Նրանք կարծում էին, որ ինձ առաջինն են հեռացնելու, իսկ հիմա «Լեսթերին» առաջնության ֆավորիտն են համարում»:

«Ինչո՞ւ եմ գնացել «Ռեալ»-«Ռոմա» խաղին: Կրիշտիանու Ռոնալդուի խաղը դիտելու համար: Հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստ է»:

«Սուրբ Ծննդին ֆուտբոլիստներիս զանգակներ եմ նվիրել, որպեսզի մարզումների ժամանակ չքնեն: Մինչև այդ ստիպված ինքս եմ նրանց արթնացրել»:

«Գուցե այս մրցաշրջանում «Լեսթերի» առաջընթացն աննորմալ է: Նման բան 10-15 տարին մեկ անգամ է տեղի ունենում: Հաջորդ մրցաշրջանը բոլորովին այլ է լինելու: Ինքս չեմ նայում մրցաշարային աղյուսակին, պարզապես հաջորդ հանդիպմանն եմ նախապատրաստվում»:

Երբ Լեսթերում մսագործը երշիկների մի տեսակ Ռանյերիի պատվին անվանեց. «Իմ պատվին լցոնված երշի՞կ են անվանել: Ուրեմն, ես մարդ-երշիկ եմ»:

 

Նախորդ հոդվածը‘Ընկերական հանդիպում. Գերմանիա – Անգլիա` 2-3.Վարդիի հրաշալի գոլը և Անգլիայի կես խաղակեսում տարած հաղթանակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հիերո. «Ռոնալդուն «Ռեալի» համար հոգին կվաճառի»’