Ռաֆայել Թեյմուրազյան. Բա ո՞ւր մնաց մեր այն «ավելի ինքնիշխա՜ն, քան երբևէ» վիճակը

971

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.

«Երևանի մետրոպոլիտենում կիրակնօրյա սրիկայությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանի հրահանգով չփոխենք մեր Սահմանադրությունը՝ «աղետաբեր պատերազմ» կլինի։ Փաշինյանը դա ձևակերպել է այսպես. «Լինելու ա պատերազմ սեպտեմբերին, ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»։

Ուշագրավ է, որ Փաշինյանը խոսում է ոչ թե ընտրություններում պարզապես հաղթելու, այլ՝ սահմանադրական մեծամասնության, այսինքն՝ մանդատների առնվազն 67%-ը ստանալու մասին։ Առանց դրա նա չի կարող Սահմանադրություն փոխել։ Այսկերպ նա նաև նշանակում է իր վերընտրության դեպքում ապագա ավերների մեղավորին՝ ժողովրդին։

Իշխանությունը մի կողմից վստահեցնում է, թե Սահմանադրության փոփոխությունը որևէ կապ չունի Ադրբեջանի պահանջների հետ, մյուս կողմից էլ Փաշինյանն ահա, պնդում է, թե եթե չտաք Սահմանադրական մեծամասնություն, չեն սպասելու, հենց սեպտեմբերին հարձակվելու են։ Բա ո՞ւր մնացին մեր այն «ավելի ինքնիշխա՜ն, քան երբևէ» վիճակն ու «խաղաղության դարաշրջանը»։

Ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը պատերազմի հետ։ Հայաստանի Սահմանադրական դատարանն ասում է՝ ոչ մի։ Մեր Սահմանադրության հետ անհաշտություն Ադրբեջանն է հայտնաբերել, այն էլ՝ ընդամենը մի քանի տարի առաջ, ինչից հետո նման բուռն անհաշտություն է նկատվում մեկ էլ Փաշինյանի մոտ։

Փաշինյանն ինքը չի բացատրում Սահմադրությունը փոխելու ու պատերազմի կապը։ Փոխարենը շաբաթներ առաջ Մյունխենում Ալիևն է լույս սփռել այս «առեղծվածի» վրա. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա մեծ փոխըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ»։ Այսինքն, նախ ընտրություններ, որի համար Ադրբեջանն ապահովում է աջակցությունը (բենզին, նավթամթերք, հացահատիկ ու «խաղաղություն»), հետո Սահմանադրություն (և այլն)։

Հայաստանին «տնային հանձնարարություններ» տվող Ադրբեջանում մեր Սահմանադրության փոփոխությանը սպասում են հենց այս տարի ու խոստանում դրա հաջորդ օրը ստորագրել «խաղաղության պայմանագիրը»։

Վերջին շաբաթներին Հայաստանի ղեկավարի հայտարարությունները գալիք ընտրություններին Ադրբեջանի ռազմական միջամտության հիմքերի նախապատրաստության են նմանվում, ինչը տպավորություն է ստեղծում, որ երկիրն արդեն ներսից գրավված է։ Առաջիկա ընտրությունը, ըստ այդմ, սոսկ իշխանություն ձևավորելու ներքին հարցին ազատագրական պայքարի երանգներ է տալիս»։

Նախորդ հոդվածըԲորիս Նավասարդյան. Միտումնավոր արված լինի, թե` ոչ, դա լրջագույն խնդիր է
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Ընթերցելով «Վիլհելմ Մաթևոսյան. Վերջին էջեր» գիրքը