Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.
«Մինչև Հոկտեմբերի 27-ը իշխանամետ մամուլը «գուժում էր». «Իշխանափոխությունը դեռ չի ավարտվել», իսկ Վազգեն Սարգսյանը ներկայացվում էր մոտավորապես որպես աղբյուրի գլխին նստած վիշապ։ Հոկտեմբերի 27-ից հետո վերոնշյալ արտահայտությունը մոռացվեց. իշխանափոխությունը, ըստ երևույթին, «ավարտվել էր»։ Զարմանալի զուգադիպությամբ հաջորդող ամեն տարի Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հայտարարում էր երկնիշ տնտեսական աճի մասին՝ անուղղակի հաստատելով, որ «վիշապն» էր խանգարում երկրի զարգացմանը։ Թեև տարբեր աճպարարություններով Քոչարյանին հաջողվեց «վերընտրվել», իսկ հետո էլ՝ իշխանությունը փոխանցել իր նշանակած վարչապետին, Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունից խուսափել նրան այդպես էլ չհաջողվեց։ Դա այնքան խորն արմատներ ունի հասարակության մեջ, որ դեպքերից տասնամյակներ անց էլ Քոչարյանը շարունակում է ընկալվել որպես զարհուրելի քաղաքական ֆիգուր, թեև տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում հակառակ պատկերն ստանալու համար։
Նիկոլ Փաշինյանը ստվերելու է նրան այդ հարցում։ Մեր պետականության ու ժողովրդի գլխին սարսափելի փորձանքներ բերած, 3000-ամյա հայաբնակ Արցախը կործանած, Հայաստանից 30 քաղաքի տարածքի չափ կորցրած և ռազմավարական ճանապարհները հակառակորդի անմիջական հսկողությանը հանձնած Փաշինյանի ղեկավարած երկրում ամեն օր փառատոն է, համերգ ու հրավառություն։ Շուրջբոլորը քեֆ-ուրախություն է, լույսեր, ծափ ու ծիծաղ… Արցախն էր խանգարում մեր երջանկությանը։ Փաստորեն։ Մի քիչ էլ «լրտես տերտերները»։
Մի քանի տարում Հայաստանը տարածաշրջանում գործոնից վերածվեց գործիքի՝ կորցնելով ազդեցության գրեթե բոլոր լծակները։ Առջևում նոր դիվերսիա է՝ «Նոր Սահմանադրության» հանրաքվե անունով, որում «ինքնիշխա՜ն» հռչակված ժողովուրդն ընտրության հնարավորություն չի ունենալու. Բաքվում արդեն որոշել են (ըստ Փաշինյանի, եթե Սահմանադրությունը չընդունվի, նորից են հանրաքվեի դնելու՝ մինչև ընդունվի)։
Փաշինյանին էլ հաջողվեց վերարտադրվել, գուցե էլի հաջողվի (ստելու և մանիպուլացնելու հարցում նա անգերազանցելի է), բայց ինչպես Քոչարյանը, Փաշինյանն առավել ևս չի կարողանալու խուսափել կատարվածի քաղաքական պատասխանատվությունից։ Պատմությանն այլ ելք հայտնի չէ։ Պարտությունը նվաճում ներկայացնելու ցնորքը չի անցնելու։ Գալո՛ւ է հատուցման պահը։
