‘Ռաֆայել Թեյմուրազյան. Ետ տվեք մեր հողերը’

1776

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետք է փաստել, որ Սևրի պայմանագրի ստորագրումից գրեթե մեկ դար անց տարածաշրջանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Ճիշտ է, պայմանագիրը մնաց թղթի վրա, բայց հայ «քաղաքական մտքի»՝ վերջին շաբաթներին դրսևորած ճկունությունը նոր հնարավորություններ է բացում:
Ինչո՞վ է պայմանավորված այդ ճկունությունը:

Առաջինը՝ վաղուց ազգովի ուղերձ ենք հղել, որով մտադրություն ենք հայտնել հետևողականորեն թալել թուրքերուն մերը: Ու չնայած այսօր դա ծիծաղելի է հնչում, այդ ուղերձն անվավեր ճանաչելու ոչ մի հիմք չկա:

Երկրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ն, Արա Պապյանը և շատ այլ ուժեր վերահստատեցին իրենց հավատը Սևրի պայմանագրի նկատմամբ՝ Արևմտյան Հայաստանն ընդունելով որպես մայր հայրենիքի անբաժան մաս: Ներկայիս Հայաստանը որպես այդ հայրենիքի կորիզ՝ բոլոր հիմքերն ունի Միացյալ Հայաստանի ձևավորման գործընթաց սկսելու համար:
Հայաստանը պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են այդ տարածքների իրական տիրոջը, այսինքն՝ Միացյալ Հայաստանին: Այսպես ասելով՝ նկատի ունեմ նոր երկրի, կամ եթե կուզեք՝ պետության ձևավորումը: Համաձայն Սևրի պայմանագրի, Հայաստանին պետք է վերադարձվեն 6 վիլայեթներ: Մինչ այդ, ուրեմն, մեր հիմնական անելիքը մնում է դրանց կառավարող մարմինների ձևավորումը:

Նոր կառավարության ճանաչման մասին հայտարարություններով պետք է հանդես գան հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, և որ ամենակարևորն է՝ Հայաստանի Հանրապետության համայնքները, այսինքն՝ քաղաքներն ու գյուղերը: Բոլոր այն գյուղերում և քաղաքաներում, որոնց գործող ղեկավարները երբևէ ջուր են լցրել թուրքերի ջրաղացին, կամ աջակցում են նման ուժերի, պետք է ընտրվեն ստվերային գյուղապետեր և քաղաքապետեր, ովքեր հընթացս իրենց ձեռքը կվերցնեն տեղական իշխանությունը՝ նոր կառավարության աջակցությամբ:

Նոր կառավարության ձևավորման պրոցեդուրան պետք է լինի ծայրահեղ պարզ: Մենք պետք է հատ-հատ ընտրենք այն մարդկանց, ովքեր կուզեինք, որ կառավարեին մայր Հայաստանին միանալիք 6 վիլայեթները և ներկայացնենք ֆեյսբուքի հաստատմանը: Սա կլինի սաստիկ հայրենասիրության արտահայտման գործուն մեխանիզմ:
Իմ կողմից առաջարկում եմ նախ օտարահունչ «վիլայեթ» բառը փոխարինել «մարզ» կամ «գավառ» հայեցի բառերով:
Որպես Էրզրումի մարզպետ առաջարկում եմ Արթուր Գրիգորյանի, որպես Վանի մարզպետ՝ Սամվել Թեյմուրազյանի թեկնածությունները (նրանց նախնիներն այդ կողմերից են): Ներկայացրեք նաև ձեր առաջարկները:

Միացյալ Հայաստա՛ն

Հ.Գ. Եթե որևէ մեկն անլուրջ կհամարի մի մատ կիսամեռ Հայաստանի կողմից 80 միլիոնանոց Թուրքիայի հետ նման ձևով «հարաբերվելն» ու Սևրի պայմանագիրը նման ձևով ի կատար ածելը, թող ձեռքը դնի խղճին ու ասի, թե ի՞նչ տարբերություն կա սրա և 300 հոգով Ազատության հրապարակի մի անկյունում «Հոկտեմբերի 27»-ով ձևավորված ու «Մարտի 1» արած ռեժիմը տապալելու ծիրին մեջ «պաշտոններ» բաժանելու միջև:»

Նախորդ հոդվածը‘4-ամյա երեխան ընկել է առուն և մահացել’
Հաջորդ հոդվածը‘4 տարի անց. Սերժ Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով’