Ռաֆայել Թեյմուրազյան. Կարգախոսի հեղինակների համար արժեքն իշխանությունն է

3193

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.

««Կրթվելը նորաձև է» կարգախոսն ունի լեզվական և գաղափարական խնդիրներ։ Նորաձևությունը ենթարկվում է հասարակական տրամադրություններին։ Եթե կրթվելը նորաձև է, ապա այն կարող է նաև դուրս գալ նորաձևությունից։ Ինչպես արդարությունը, խիզախությունը կամ բարոյականությունը, կրթվելը ևս չի կարող լինել նորաձև։

Նման կարգախոսը կրթությունը դիտարկում է որպես իմիջի մաս՝ հանգեցնելով կրթության մակերեսայնացման ու իմաստազրկման։ Այն նաև հասարակական շերտավորման տարր է պարունակում՝ կրթությունը ներկայացնելով որպես էլիտար երևույթ՝ հասու միայն «նորաձև կրթվողների» դասակարգին։

Եթե «շարժման» նպատակը կրթվելը խրախուսելն ու կրթական արժեքի հանրայնացումը լիներ, կրթությունը պետք է մատուցվեր որպես անհատի ու հասարակության զարգացման անհրաժեշտություն, ոչ թե որպես ժամանակավոր միտում (թրենդ)։

Ո՞րն է, ուրեմն, դրա նպատակը։ Այն, որ դա փաստացի իրականացվում է իշխանության հովանավորչությամբ, պետական ամենաբարձր մակարդակով, հուշում է, որ նպատակն իրականում զուտ քաղաքական է, ավելի ճիշտ՝ քարոզչական, և այն պետք է դիտարկել «ակադեմիական քաղաք» կամ «մեգա Հիսուս» նախագծերի կողքին։

«Իրական Հայաստան» բառակապակցությունը գաղափարախոսություն հռչակած իշխանությունն առավոտից երեկո զբաղված է Հայաստանի իրական խնդիրներից հանրության ուշադրությունը տարատեսակ հնարքներով շեղելու գործով։ Ցրում են «պատերազմի տրամադրությունը», ինչպես խոստովանել էր վարչապետ Փաշինյանը։ Այլ կերպ ասած, կրթությունն արժեքից վերածվել է նորաձևության, որովհետև կարգախոսի հեղինակների համար արժեքն իշխանությունն է։

Նախորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Խաղաղության այլընտրանքների կամ Հայաստանում ծավալված անպտուղ բանավեճի մասին
Հաջորդ հոդվածըՀայրենիքն ու պետությունը նույնն են, բայց…