Ռաֆայել Թեյմուրազյան. Հռչակագիրը հայության բոլոր հատվածների ընդհանուր հայտարարն է

1088

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ուսանողական առաջին երկու տարիներին ապրել եմ մեր բարեկամներից մեկի տանը՝ Թումանյան 24 հասցեում։ Բացի անձնական հարազատ հիշողություններից, այս հասցեն ինձ համար նաև պատմական խորհուրդ ունի։

Կողքի մեկ սենյականոց բնակարանում ժամանակին ապրում էր տիկին Վիկտորիան: Վերջինս մեր Աստղիկ տատիկին ասել էր, որ իր աղջիկը (թարգմանիչ) շփվում է օտարերկրացի լրագրողների հետ, որոնք խիստ հետաքրքրված են հայաստանյան հանրահավաքներով, բայց սկզբնաղբյուրից տեղեկություն ստանալն անհնար էր։

ԽՍՀՄ-ում նման մասշտաբի հանրահավաքներ առաջին անգամ էին լինում։ Կենտրոնի կողմից դրանք որակավորվում էին որպես ինչ-որ աննշանակալի միջոցառումներ՝ մի քանի ծայրահեղականների ու հարբեցողների մասնակցությամբ։ ԽՍՀՄ արտասահմանյան լրագրողների այցերը խիստ սահմանափակ էին, այն էլ՝ ԿԳԲ-ի աշխատակցի մշտական ուղեկցության պայմաններում։

Պետք էր ինչ-որ կերպ ինֆորմացիան դուրս հանել։ Տիկին Վիկտորիայի աղջկա կապերը նման հնարավորություն են նշմարել, ինչի մասին հայրս կիսվել է վաղեմի ընկերոջ՝ Կամո Տեր-Պետրոսյանի հետ։ Փորձում են առաջիկա հանրահավաքներից մեկի տեսագրությունը վերոնշյալ ուղով դուրս հանել։

Առաջին ձեռքից նյութ ուղարկելը շատ կարևոր էր, որովհետև արտաքին աշխարհը փաստացի զուտ միջնորդավորված տեղեկություններ էր ստանում՝ ողողված հանրահավաքների նպատակների, կազմակերպիչների ու մասնակիցների մասին հերյուրանքներով։

Սրտաբան Կամոն իր աշխատասենյակում որպես հիվանդ ընդունում է Աստղիկ տատիկին՝ նրան մանրամասն ցուցումներ տալով, թե ինչպես, որտեղ, որ ժամին և ումից ստանա հանրահավաքի տեսագրությունը։

Բաղրամյան պողոտայով այն ժամանակ տրամվայ էր աշխատում։ Տատիկը պայմանավորված շորը հագին Սարյանի պուրակի կողմից պատրաստվում է հատել փողոցը։ Մյուս կողմից լուսաֆորի ազդանշանին է սպասում գորշ կոստյումով, մորուքավոր, ոչ բարձրահասակ մի տղամարդ («Ղարաբաղ» կոմիտեի լուսահոգի անդամ Սամվել Գևորգյանը)։ Կանաչ ազդանշանի հետ մարդկանց մեծաթիվ հոսքը (հերթական հանրահավաքից հետո) երկու կողմից շարժվում է միմյանց ընդառաջ։ Տղամարդն ու տատիկը հանդիպում են տրամվայի գծերի վրա: Հընթացս տատիկը տղամարդու ձեռքից վերցնում է մի փաթեթ, դուրս գալիս Մոսկովյան փողոց, դնում պայուսակի մեջ, նայում աջ ու ձախ (հետևող չկա՞) ու հորինովի երթուղով, սրտխփոցով հասնում տուն։

Երեկոյան տիկին Վիկտորիայի աղջիկը BBC-ի լրագրողին բերում է մոր բնակարան՝ սուրճ խմելու։ Նրանց հետ ներս է մտնում հատուկ ծառայությունների աշխատակիցը։ Լրագրողը հանում է իր բաճկոնն ու կախում նախասենյակում։ «Պատահաբար» տիկին Վիկտորիայի հետ զրուցող հարևան տատիկը, տեսնելով «անսպասելի» հյուրերին, գնում է թխվածք բերելու։

Հանրահավաքի տեսագրությունը լրագրողի ծոցագրպանը դնելը դառնում է բարդ խնդիր. ծոցագրպան չկա, թեև, ըստ պայմանավորվածության, պետք է լիներ։ Հուզմունքով փնտրտուքներից և հատուկ ծառայության աշխատակցի կասկածներից խուսափելու համար, երբ սրտխփոցը ուշագնացության աստիճանից քիչ պակաս է լինում, որոշում է պատռել բաճկոնի աստառը։ Քաշում է նշմարվող հորիզոնական գծից և… գրպանը բացվում է (խորհրդային մարդու համար անսովոր էր տեսնել, որ գրպանը կոճակով կամ ճարմանդով փակվելուց բացի կարող է պարզապես կպչել)։ Ուրախ մտնում է ներս, ձեռքը տանում սրտին. գործն արված է։

Մի քանի օր հետո Կամոն ու հայրս հանդիպում են։ Կամոն շշնջում է, թե տեղ է հասել, ամբողջ աշխարհը տեսել է։ Գուցե ուրի՞շ աղբյուրից են տեղեկություն ստացել. բացառվում է, միակ տեսագրությունը տատիկին է տրվել։ Շարժմանը հաջողվել էր ճեղքել տեղեկատվական պաշարումը։ Թե ինչպես է լրագրողը տեսագրությունը տեղ հասցրել, այն էլ՝ այդքան արագ, անհայտ է։

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձն է։ Փաստաթուղթ, որն ընդունվել է հայության կոնսենսուսի արդյունքում. ՀՀՇ ու դաշնակ, կոմունիստ ու ռամկավար, թարգմանիչ ու տատիկ… ուժեր, որ հազար ու մի տարակարծություն ունեին, համաձայնության եկան այս փաստաթուղթը մշակելիս։ Այս իմաստով Անկախության հռչակագիրը ոչ միայն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, այլև՝ ընդհանրապես հայության բոլոր հատվածների ընդհանուր հայտարարն է։

Շնորհավոր Հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձը»։

Նախորդ հոդվածըԱնկախություններ անկախությունից առաջ. այսօր հռչակագրի օրն է. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածը«Պատմություն» առարկայից ծույլիկ պատանին. Ալիք Մեդիա