Ռաֆայել Թեյմուրազյան. Նիկոլ Փաշինյանը նման է խաղամոլի

1631

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.

«Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առիթով շնորհավորական վերջին ուղերձից 2.5 ամիս անց Հայաստանի վարչապետն այսօր հայտարարել է. «Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»։

Սա տեղավորվում է Բաքվի պահանջով Սահմանադրությունը փոխելու քաղաքական նախապատրաստության մեջ։ Սկզբում այն «կարմիր գիծ» էր, հետո դարձավ «ներքին հարց», իսկ վերջին 1-2 ամսում նախ ՄԱԿ-ի, ապա ԱԺ ամբիոնից վարչապետը չի բացառում Բաքվի նաև ա՛յս պահանջը բավարարելը։ Առանցքային հարցերի շուրջ օրումեջ փոփոխվող տեսակետները ցույց են տալիս, որ իշխանությունը պատկերացում չունի, թե ինչ մարտահրավերների առաջ է երկիրն, ու ինչ է պետք անել։ Պաշտոնական Երևանից ու Բաքվից վերջին շաբաթներին հնչող հայտարարությունները հուշում են, որ չպետք է բացառել նաև «միջանցքային տրամաբանության» անթույլատրելիության խմբագրման փորձերը։

Ակնհայտ է նաև, որ Բաքվի մտացածին պահանջը կատարելու Փաշինյանի պատրաստակամությանը նոր պահանջներ են հետևելու՝ «ադրբեջանցի փախստականների վերադարձ» Սյունիք, Գեղարքունիք, Երևան, «փոխհատուցում» և այլն…

Պետությունը «միայն ու միայն հաց վաստակելու միջոց» պատկերացնող Փաշինյանը հանուն սեփական իշխանության պահպանման կանգ չի առնում ոչ մի բանի առաջ։ Հայաստանն Ադրբեջանի, Թուրքիայի, այլ պետության արբանյակի վերածելու, ազգային ինքնության, սիմվոլների (զինանշան, օրհներգ), հիմա էլ հիմնադիր փաստաթղթի՝ Հռչակագրի նկատմամբ հետևողական գրոհների, դրանց նսեմացման ու աղավաղման գործում անգամ մեր թշնամիներն այսքան հեռու գնալու հանդգնություն չեն ունեցել։

Նիկոլ Փաշինյանը նման է խաղամոլի, որը պատրաստ է գրավադրել ամեն հնարավորը՝ վերջապես մի բան ստանալու հույսով։ 2020-ի պատերազմից հետո Հայաստանը չափազանց ծանր վիճակում է հայտնվել, բայց վերջին չորս տարիներին դրությունը շեշտակիորեն բարդացել է Փաշինյանի՝ չհաշվարկված ու անպատասխանատու քաղաքականության պատճառով։ Քաղաքականություն, որի միակ նպատակը Ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի գլխին բերած ամենամեծ արհավիրքի համար պատասխանատվությունն իրենից վանելն է»։

Նախորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Որ չստանանք իրականության ապտակը. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. Քոչարյանին շինում են այլընտրանք