Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի և նրա զուգընկերոջ վերջին շաբաթների համացանցային ակտիվությունն անգամ իրենց չափանիշով է շատ։ Տարածված կարծիք կա, թե դա նախընտրական տրամաբանությամբ է պայմանավորված։ Չբացառելով, որ նախընտրական տրամաբանությունն իր տեղն ունի, պետք է նկատել, որ ֆեյսբուքյան վերջին շրջանի գերդոզավորման սեանսներն ուղիղ համեմատական են Հայաստանի գլխին կախվող ամպերի մգությանը. որքան ծանրանում է դրությունը, այնքան ավելի էքսցենտրիկ քայլերի է դիմում Փաշինյանը։ Վերջինս հենց այդպես էլ բացատրել է. նպատակը «պատերազմի տրամադրությունը» ցրելն է։
Կարգավորման՝ սեղանին դրված տարբերակի գոյությունը ժողովրդից թաքցրած ու երկիրը ջախջախման տարած մարդը կատարած հանցագործության համար մեղքն իրենից վանելու ջանքերում շարունակում է Ադրբեջանին նորանոր լծակներ տալ ընդդեմ Հայաստանի, իսկ վարկ ու ապառիկ փակելով տարված պատգամավորները տքնում են արդարացնել առաջնորդի հրապարակ նետած ցանկացած կեղծիք, մասնավորապես, որ 1994-ից սկսած կարգավորման բոլոր տարբերակներով Արցախը լինելու էր Ադրբեջանի կազմում։ Պետք է նկատել սակայն, որ Փաշինյանի պետականաքանդ գործունեության արդյունքում աճպարարության հերթական դրսևորման մեջ բանալի բառն արդեն ոչ թե «Ադրբեջանի կազմումն» է, այլ՝ «լինելու էր»-ը։ Արցախը ԼԻՆԵԼՈՒ ԷՐ։
Դարեր, հազարամյակներ շարունակ տարածաշրջանը ձեռքից ձեռք է անցել՝ մոնղոլներ, սելջուկներ, պարսիկներ, ռուսներ… բայց Արցախը ոչնչացել և Հայաստանն ազդեցության լծակներից ու ռազմական զգալի ուժից զրկվել է հենց Փաշինյանի կայացրած որոշումների արդյունքում։ Որոշումներ, որոնք պետական ու ազգային շահը ստորադասեցին լայքին (կասեիք դավաճան)։ Այսքան կորուստներից հետո էլ շարունակվում է նույն արկածախնդիր ու անպատասխանատու վարքը՝ երկիրն ուղիղ գծով տանելով դեպի նոր ցնցումներ ու արյուն։
Փաշինյանը պետք է հեռացվի։ Նրա ավերիչ գործունեությունը պետք է իրավական գնահատականի արժանանա։ Եթե մենք սրան հասնելու ռեսուրս չգտնենք, Հայաստանում էապես մեծանալու է արդեն ոչ այնքան Ռուսաստանի կամ Արևմուտքի, որքան Ադրբեջանի ազդեցությունը։