«Բարսելոնայի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսը հայտարարել է, որ պատրաստ է ամռանը փոխարինել Չավիին ակումբի առաջին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Մինչեւ մրցաշրջանի ավարտը ղեկավարությունը ժամանակ կունենա նոր մարզիչի ընտրության համար։ Ես պատրաստ եմ գլխավորել թիմը, եթե հրավիրեն։ Ով չի ցանկանում դառնալ «Բարսելոնայի» մարզիչ։ Կշարունակեմ պատրաստվել։ Սա ընդամենը երկրորդ մրցաշրջանն է իմ մարզչական կարիերայում։ Բայց դուք չեք կարող հրաժարվել մեծագույն ակումբը մարզելու հնարավորությունից»,- Մարկեսի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Վիլյառեալից» կրած 3:5 հաշվով պարտությունից հետո Չավին հայտարարել է, որ հունիսի 30-ին կլքի կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը։