Ռուսաստանի իշխանությունները կարող են սահմանափակող միջոցառումներ մշակել այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք երկրից հեռացել են զորակոչի մեկնարկից հետո, բայց շարունակում են հեռավար աշխատել ռուսաստանյան ընկերություններում, հայտարարել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հանձաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը «Ведомости» թերթին տված հարցազրույցում։
«Նրանցից շատերը փախել են, բայց շարունակում են հեռավար աշխատել ռուսաստանյան ընկերություններում։ Կարո՞ղ ենք այդ առնչությամբ փոխել օրենքը և սահմանափակել այն սխեմաները, որոնք մարդկանց թույլ են տալիս աշխատել արտասահմանում, բայց փող ստանալ այստեղից, և մենք չենք կարող հասկանալ՝ նրանք բոլո՞ր հարկերն են վճարում։ Կարող ենք»,- հայտարարել է Կլիշասը։
Սենատորը նշել է, որ ՌԴ քաղաքացիների վերադարձը երկիր խոչընդոտել հնարավոր չէ, որովհետև դա հակասում է սահմանադրությանը, բայց «նրանց համոզել, որ վերադառնան և դրա համար լրացուցիչ բլիթ խոստանալ` պետք չէ»։
Փոխանցում է tass.ru-ն։