‘ՌԴ ԱԳՆ. «Իսլամական պետության» շարքերում տասնյակ ռուսաստանցիներ կան’

1045

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ենթադրել է, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» կոչվող  խմբավորման գրոհայինների շարքերում կան Ռուսաստանի տասնյակ քաղաքացիներ:

«Ըստ էության՝ մենք գործ ունենք ահաբեկչական ինտերնացիոնալի հետ»,- ասել է Բոգդանովը «Коммерсант»-ին տված հարցազրույցում:

Խմբավորման անդամները հմտություններ են ձեռք բերում գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներում, այնուհետև սպառնալիք են դառնում իրենց երկրների համար, ասել է փոխնախարարը:

Միխայիլ Բոգդանովի խոսքով՝ ԻՊ-ի շարքերը համալրում են 70-80 երկրների քաղաքացիներ: «Ընդ որում՝ նրանք, մասնավորապես, արևմտյան երկրների անձնագրեր ունեն, որը նրանց հնարավորություն է տալիս առանց վիզաների ու լրացուցիչ ստուգումների տեղաշարժվել աշխարհում: Դա շատ վտանգավոր է»,- նախազգուշացրել է դիվանագետը:

Արևմտյան փորձագետների գնահատականներով՝ ջիհադիստների շարքերում Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ-ից շատ ավելի անդամներ կարող են լինել՝ մի քանի հարյուր:  Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԽՔ Նիկոլայ Պատրուշևը ԻՊ-ի ընդհանուր թվաքանակը գնահատել էր 30-ից 50 հազար: Նա ընդգծել էր, որ գրոհայինների շարքերը համալրվում են տարբեր, այդ թվում՝ ԱՊՀ երկրների արմատականներով:

Սեպտեմբերի 12-ին ԿՀՎ-ն ԻՊ-ի թվակազմը գնահատել էր 31 հազար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գարեջրատանը սպանության իրականացնելու մեջ մեղադրվող Ավետ Օհանջանյանը հետախուզվում է’
Հաջորդ հոդվածը‘Դատարան. «Բաշնեֆտի» բաժնետոմսերը հափշտակելու հարցում Ռախիմովին օգնել է հայրը’