‘
Սեռական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար ուրիշ երկրների քննադատելուց առաջ Եվրամիությունը պետք է այդ խնդիրը լուծի իր ներսում: Այսօր նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրներում հոմոֆոբիայի խնդիրների մասին «Միջազգային համաներում» հասարակական կազմակերպության զեկույցը: «Մենք հետաքրքրությամբ ծանոթացանք այդ զեկույցի բովանդակությանը, որտեղ վերլուծվում են Եվրամիության երկրներում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերը,- նշել է դիվանագետը:- Զեկույցում արձանագրված է, որ ԼԳԲՏ հանրության նկատմամբ նախապաշարմունքը, խտրականությունը և հանցագործություններն արդիական են նույնիսկ ԵՄ այն երկրներում, որտեղ համեմատաբար հանդուրժող վերաբերմունք կա համասեռ կապերի նկատմամբ»: Ըստ Դոլգովի՝ իր եզրահանգումները հաստատվում են բազմաթիվ փաստերով: «Մասնավորապես՝ նշվում է, որ եվրոպացիների 80 %-ը, որ բռնության է ենթարկվել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատճառով, չի դիմել ոստիկանություն՝ զգուշանալով պետական հաստատություններում հոմոֆոբիայի դրսևորումներից», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘