‘ՌԴ ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել մեղադրանքները Պուտինի և Ռուսաստանի հասցեին’

711

Ռուսաստանի ԱԳՆ-ն զայրալից հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան ամերիկյան Սպիտակ տան մեղադրանքներին Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ Malaysia Airlines ավիաընկերության Beoing-ի կործանման առնչությամբ:

Ռուսաստանի հասցեին մեղադրանքները ոչ մի ապացույց չունեն, պնդում են ԱԳՆ-ում՝ ընդգծելով, թե Ուկրաինայում հակամարտության և դրա ծանր հետևանքների համար «իր պատասխանատվության չափաբաժինն» է կրում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:

«Դատելով ամերիկյան վարչակազմի կողմից Ռուսաստանի հասցեին չթուլացող զրպարտություններից՝ այնտեղ իրենց արտաքին քաղաքականության մեջ ավելի ու ավելի հույս են կապում բացահայտ ստի հետ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում, որը շաբաթ օրը տեղադրվել է գերատեսչության կայքում:

Ավելի վաղ, լրագրողների համար նախատեսված ամենօրյա ճեպազրույցում, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների հիման վրա կարելի է պնդել, որ օդանավի կործանման մեջ մեղավոր է Ռուսաստանը և անձամբ նրա նախագահը: Սա ամերիկյան իշխանությունների ամենակոշտ հայտարարությունն էր Ռուսաստանի հասցեին հուլիսի 17-ից հետո, երբ ինքնաթիռը կործանվեց Դոնեցկի մատույցներում, ինչի արդյունքում զոհվեց 298 մարդ:

«Վաշինգտոնյան վարչակազմն իր եզրակացությունները կառուցում է իրականությանը չհամապատասխանող և համացանցից հավաքած հակառուսաստանյան ենթադրությունների հիման վրա: Թե ով է համացանցը նման աղբով լցնում՝ պարզ է. նույն Վաշինգտոնը ու, թերևս, նաև Կիևը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գյուղապետ. Ադրբեջանական կողմը ամեն օր գնդակոծում է Չինարի գյուղը’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպիններում ծնվել է 100 միլիոներորդ քաղաքացին’