‘
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ընդհատակյա մի կառույց, հաղորդել է գերատեսչության մամլո ծառայությունը:
Ահաբեկչական խմբավորման բջջի կազմում Հյուսիսային Կովկասի քաղաքացիներ են, որոնց ղեկավարել են օտարերկրյա հրահանգիչներ: Նրանք նպատակ ունեն միավորել բոլոր մուսուլմաններին և կազմավորել «համաշխարհային իսլամական խալիֆություն»:
Ծայրահեղականները ծրագրել էին սեպտեմբերին մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացրել տրանսպորտում և մարդաշատ վայրերում:
Ուժային կառույցի աշխատակիցները ձերբակալել են բջջի բոլոր անդամներին: Նրանց մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ բավական մեծ հզորության, ատրճանակներ, նռնակներ, կապի միջոցներ և պայթուցիկ պատրաստելու նյութեր:
Գրոհայինները խոստովանել են, որ մտադիր էին ամբոխի մեջ մեխեր պարունակող ռումբեր պայթեցնել:
Հետաքննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների տվյալները չեն հաղորդվում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘