‘
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը հրապարակել է մի շարք առաջարկներ, որոնք պաշտոնյաներին կօգնեն խուսափել կաշառք ստանալուց: Նրանց խորհուրդ է տրվում խուսափել այնպիսի արտահայտություններից, ինչպես՝ «այդ խնդիրը լուծել դժվար է, բայց հնարավոր է», «շնորհակալությունը հացի վրա չես քսի», «կպայմանավորվենք», «ավելի ծանրակշիռ փաստարկներ են հարկավոր», «դե, ի՞նչ անենք» և այլն: Պաշտոնյաները պետք է հասկանան, որ նման արտահայտությունները կարող են ընկալվել որպես ակնարկ՝ կաշառքի վերաբերյալ: Բացի այդ, թեմաների մի երկար ցուցակ է տրվում, որոնց քննարկումն աննպատակահարմար է պաշտոնյաների համար: Օրինակ՝ ցածր աշխատավարձի, բարեկամների գործազրկության, զավակների՝ բուհ ընդունվելու վերաբերյալ խոսակցությունները: Նախարարության խորհուրդները կազմակերպական, բացատրական միջոցառումների համալիրի մի մասն են՝ ուղղված պաշտոնյաների անթույլատրելի պահվածքը թույլ չտալուն, այնպիսի պահվածքը, որը կարող է ընկալվել որպես կաշառք տալու առաջարկ, հաղորդում է РБК –ն:
‘