‘
ՌԴ առողջապահության նախարարությունում առաջարկ է ստացվել՝ արգելել բրենդավորված ծխախոտատուփերը: Առաջարկը փոխնախարարին է փոխանցել Ազգի նարկոլոգիական առողջության ինստիտուտի տնօրեն Օլեգ Զիկովը: Վերջինս առաջարկում է փոխառել Ավստրալիայի փորձը և ծխախոտի տուփերը միտեսակ դարձնել:
Ուղերձում ասվում է, որ Ավստրալիայում երկու տարի կիրառվելուց հետո այդ հակածխախոտային տեխնոլոգիան չափազանց դրական արդյունք է գրանցել: Այդ երկրում ծխախոտը կարող է վաճառվել միայն միանման տուփերով. տուփերը մուգ շագանակագույն են, նրանց վրայի 75 % տարածքը զբաղեցնում է ծխելու վտանգավորության վերաբերյալ նախազգուշացումը՝ սարսափազդու նկարներով և մակագրություններով, ապրանքատեսակի անվանումը գրվում է տուփի ներքևում՝ միևնույն տեսակի սպիտակ տառերով, ձևավորման լրացուցիչ տարրեր չկան: Այժմ նույնպիսի պրակտիկա մտադիր են կիրառել մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Առողջապահության և սոցիալական ապահովության ավստրալական ինստիտուտի տվյալներով՝ 2010-2013 թթ. երկրում ծխախոտի գործածումը կրճատվել է 15 %-ով:
ՌԴ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ գերատեսչությունը չի բացառում առաջիկայում միատեսակ ծխախոտատուփերի ի հայտ գալու հնարավորությունը: Փոխանցում է lenta.ru-ն:
‘