‘
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան` Բենիտո Մուսոլինիի՝ ազատ վաճառքում գտնվող «Երրորդ ուղի: Առանց դեմոկրատների և կոմունիստների» գիրքը ծայրահեղական ճանաչելու հայցով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական կայքին:
Դատախազության հաղորդման մեջ նշված է. «Պարզվել է, որ նշած տպագիր նյութը, որի հեղինակը հանդիսանում է Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը, գտնվում է գրախանութներում և ազատ վաճառվում է: Ընդ որում՝ «Ծայրահեղական գործունեության հակազդեցության մասին» դաշնային օրենքում Իտալիայի ֆաշիստական կուսակցության ղեկավարների, այդ թվում նաև Բենիտո Մուսոլինիի աշխատություններն արդեն ճանաչվել են ծայրահեղական, և այդ տպագիր նյութերի հետազոտություն, այդ թվում նաև լեզվա-հոգեբանական քննություն չի պահանջվում»:
Նշենք, որ դատախազությունը դիմել է նաև գրախանութներին՝ գիրքը վաճառքից հանելու պահանջով: Ավելի վաղ Ռուսաստանում վաճառքից հանվել և արգելվել էր ֆաշիստական Գերմանիայի առաջնորդներից Յոզեֆ Գեբելսի «Գերմանական ճակատագիրը օրագրերում և թերթիկներում» գիրքը:
‘