Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որը Եվրամիությունը մտադիր է սահմանել մինչև փետրվարի 24-ը, նախատեսում է 11 մլրդ եվրոյի առևտրային սահմանափակումներ։
Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք ընդունել ենք պատժամիջոցների ինը փաթեթ։ Մենք պետք է շարունակենք ճնշումը և առաջարկում ենք պատժամիջոցների տասներորդ փաթեթը՝ 11 մլրդ եվրոյի առևտրային սահմանափակումներով»,- ասել է նա։
Ըստ ֆոն դեր Լյայենի՝ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է, մասնավորապես, էլեկտրոնային բաղադրիչների արտահանման սահմանափակում, որոնք Ռուսաստանն օգտագործում է ռազմական նպատակներով «այնպիսի համակարգերում, ինչպես անօդաչուները, հրթիռները, ուղղաթիռները»։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գլուշկոն, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունները, «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մոսկվան գործիքներ ունի ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների տասներորդ փաթեթին պատասխանելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։