Կորեայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավարներ Պակ Չինը և Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական խնդիրները և իրադրությունը Կորեական թերակղզում։
Այդ մասին հաղորդել է հարավկորեական արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում, Քսանի խմբի գագաթնաժողովի շրջանակներում։
«Պակ Չինը ռուսաստանյան կողմի հետ քննարկել է Ռուսաստանում բնակվող հարավկորեացիների անվտանգության հետ կապված խնդիրները։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները, որոնք վերաբերում են Կորեական թերակղզու խնդիրներին, պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին և այնպես զարգանան, որպեսզի նպաստեն խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում»,- տեղեկացնում է Սեուլը։
Պակ Չինը նաև հայտարարել է «Ուկրաինայում շուտափույթ կերպով խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին» և Ռուսաստանին խնդրել է կառուցողական համագործակցություն հաստատել Կորեական թերակղզու խնդիրների շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։
Հարավային Կորեան ընտրվել է ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ 2024-2025 թթ․։
Փոխանցում է tass.ru-ն։