‘
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքէջի տվյալների համաձայն՝ Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացի զրկված է Ռուսաստան մուտք գործելու իրավունքից, քանի որ արդեն խախտել է այս երկրի միգրացիոն օրենքները։ «Ազատության» փոխանցմամբ, հունվարի 1-ից սկսած առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում։ Ենթադրվում է, որ ՌԴ-ում մնալու երեք ամսվա ընթացքում միգրանտը արդեն պետք է ձեռք բերի աշխատանքային պայմանագիր կամ այսպես կոչված Ռուսաստանում աշխատելու համար պատենտ։
Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ՌԴ միգրացիոն օրենքների խստացումը հարցեր է առաջացրել. եթե Հայաստանը միանում է ՄՄ-ին, եթե արդեն կա «Ճանապարհային քարտեզը» և ենթադրվում է, որ արդեն այս տարի Հայաստանը պետք է դառնա Մաքսային միության լիիրավ անդամ, ինչո՞ւ Հայաստանցիները չունեն Ռուսաստանում ապրելու և աշխատելու հատուկ պայմաններ։ Նկատենք, որ ՌԴ-ում 90 օր մնալու մասին նոր օրենքը չի վերաբերում Մաքսային միության անդամ Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիներին։
«Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սա երկկողմ հարթակում լուծվելիք խնդիր է, և նման օրակարգ պետք է առաջարկեն հենց Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։
«Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձևավորի իր օրակարգը Ռուսաստանի հետ հարաբերություններում, և ավելին՝ կարծում եմ, որ դեկտեմբերի 24-ին ստորագրված «Ճանապարհային քարտեզում» պետք է նաև նման կետ լիներ»,- «Ազատությանը» ասել է Նավոյանը։
Նավոյանը ասում է՝ եթե Հայաստանը ՄՄ-ի անդամ դառնա, ՌԴ-ում 90 օր մնալու խնդիրը օրակարգից կարող է դուրս գալ, սակայն հասկանալի չէ, թե ինչ ճակատագիր կունենան այն 170 հազար հայաստանցիները, ովքեր արդեն ՌԴ միգրացիոն ծառայության «սև ցուցակում» են և չեն կարող մուտք գործել այդ երկրի տարածք։
Շարունակությունն՝ այստեղ
‘