‘ՌԴ մշակույթի նախարար. Անպարկեշտ բառապաշարն արգելող օրենքում լրացումներ կատարելը վաղաժամ է’

780

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին առաջարկել է դեռ հետևել, թե ինչպես է աշխատելու անպարկեշտ բառապաշարն արգելող օրենքը, և միայն դրանից հետո մտածել օրենքը լրամշակելու մասին: Այդ մասին նախարարն ասել է ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում:

Կինոյում, գրականության մեջ և թատրոնի բեմում անպարկեշտ պառապաշարն արգելող օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից: ««Մատ»-ի մասին օրենքը պատգամավորական նախաձեռնություն է: Առայժմ փաստացիորեն այն դեռ չի գործում: Շատ դժվար է գտնել այն նուրբ սահմանը, թե որ դեպքում է բառը էմոցիոնալ տեսակետից արդարացված: Ուստի եկեք սպասենք՝ մինչև օրենքն սկսի գործել: Եթե տեսնենք, որ իրոք կան ինչ-որ ծայրահեղություններ, ապա փոփոխություններ կանենք: Բայց դրա համար ժամանակ է պետք»,- ասել է նախարարը:

Մեդինսկին հիշեցրել է, որ օրենքի համաձայն՝ հայհոյախոսությունն արգելված է հրապարակային մշակութային գործունեության մեջ, այսինքն՝ թատրոնում և կինոէկրաններին: «Ես կողմնակից եմ, որ թատրոնում հայհոյանք չհնչի: Չէ՞ որ դա կենդանի շփում է դերասանների հետ: Գալիս ես, այսպես ասած՝ մշակույթի տաճար, ու մեկ էլ այնպիսի բան ես լսում, այնպիսի տեքստ է հնչում, ինչը չես լսի որևէ մարզահրապարակում կամ էլ երբ մեկի ոտքին ծանր բան ընկնի»,- ասել է նախարարը:

Երկրորդ սահմանափակումը վերաբերում է կինոնկարներին, շարունակել է Մեդինսկին: «Խորհրդային Միությունում կար այսպիսի սահմանափակում՝ մինչև 16 տարեկան երեխաներին: Եւ դա պահպանվում էր: Կինոթատրոնները պետական էին, նրանց աշխատակիցները պարզապես կարող էին կորցնել աշխատանքը, քանի որ դա խստորեն վերահսկվում էր: Եվ ոչ մի հայհոյանք չկար»: Իսկ հիմա, հավելել է Մեդինսկին, տարիքային սահմանափակումը խորհրդատվական բնույթ է կրում: «Եթե կինոթատրոնն ուզում է փող աշխատել, ոչ ոք երեխաներին դուրս չի բերի դահլիճից, իսկ դա ճիշտ չէ»,- համոզված է նախարարը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել նոր ղեկավարների հարցում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են Իզվարինոյի մոտ 200 զինվորականների զոհվելու մասին’