ՌԴ նախագահի հայտարարության հետքերով․ Ռուսական կարմիր գծերը

1708

Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում խոսեց ԼՂ հիմնախնդրի՝ նախապատերազմյան շրջանի կարգավորման մասին, թվում էր, թե վերջապես հայ քաղաքական միտքը կօգտագործի այս հնարավորությունն ու բաց քննարկումներ կսկսի բանակցային պրոցեսի իրական էության վերաբերյալ։

Հույս կար նաեւ, որ ներկա իշխանություններին կեղծ պաթոսային մեղադրանքներ հնչեցնող ուժերն ու անհատներն այդ ելույթն օգտագործելով՝ վերջապես կդադարեցնեն անպտուղ պաթոսն ու վերջապես կհնչեցնեն իրական մեղադրանք առ այն, թե որն էր այս հարցում ՀՀ իշխանությունների սխալը/մեղքը/հանցանքը։

Եւ այս քննարկումները կարեւոր կլինեին ոչ այնքան անցյալը փորփրելու համատեքստում, ճշտի ու սխալի որոնումների դիտանկյունից, այլ՝ ներկա իրողությունները հասկանալու համար մարդկանց հետ անկեղծ ու շիտակ խոսելու տեսանկյունից եւ վերջապես՝ ապագա անելիքները որոշելու համար, քանի որ որքան էլ այդ առաջարկներն արդեն անցած գնացած են (եւ հետահայաց՝ շատերի համար երանելի), միեւնույն է՝ այդ պրոցեսն, ինքնին, որոշակի իրողությունների ամբողջականություն է․ ասել է թե՝ այն, ինչ ունենք այսօր, մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը տեղի ունեցածի շարունակությունն է, եւ այն, ինչ կարող է տեղի ունենալ վաղը, կախված է մեր այսօրվա վարքից՝ իրականության հետ առերեսումից խուսափելուց կամ իրականությանն առերեսվելուց եւ ըստ այդմ՝ որոշումներ կայացնելուց։

Բայց ՌԴ նախագահի ելույթի այդ խիստ կարեւոր հատվածը արժանի քննարկման չարժանացավ (ըստ իս՝ դիտավորյալ անտեսվեց), բոլորին ավելի շատ հետաքրքրեց միայն ելույթի երկրորդ մասը, որտեղ ՌԴ նախագահը խոսում էր այս պահին քննարկվող առաջարկների մասին. ասես` ՌԴ նախագահի ելույթի երկրորդ մասն առաջինի տրամաբանական շարունակությունը չլիներ։

Իսկ ելույթի առաջին հատվածը եթե անգամ քննարկվեց էլ, ապա բացառապես հպանցիկ եւ այն համատեքստում, թե ՀՀ ո՞ր իշխանություններին էր առաջարկվել կարգավորման՝ Պուտինի հիշատակած տարբերակը։ Սկսվեցին հասցեատերերի որոնումներ, իսկ երբ Պուտինի ելույթին արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ վերջինիս ելույթը մեկնաբանվեց այնպես, թե, իբր, Աշոտյանը հերքել է ՌԴ նախագահի ասածները, եւ ուրեմն` այդ առաջարկներն արվել են կամ միայն Փաշինյանին, կամ Փաշինյանին ու Քոչարյանին։

Ասել է թե՝ ունեցանք ձեւական քննարկում ձեւի, ոչ թե բովանդակության մասին, եւ դա էլ` իր հերթին, խեղաթյուրված։

Եւ ոչ մի շիտակ խոսք առ այն, թե ինչու էր Պուտինն արդեն բաց խոսում իրենց առաջարկների մասին, ի՞նչ էին նշանակում այդ առաջարկները, արդյո՞ք պետք էր ընդունել դրանք, թե՝ ոչ, ինչո՞վ էր հղի դրանք մերժելը, ովքե՞ր էին դեմ դրանց, եւ ովքեր՝ կողմ եւ ինչո՞ւ, եւ այլն, եւ այսպես շարունակ։  

Ու տարօրինակ չթվա, բայց քաղաքական եւ վերլուծական դաշտի կողմից այդ հայտարարության խորքային վերլուծությունից խուսափելը կոնկրետ քաղաքական պատճառներ ուներ․ այդ դեպքում կպարզվեր, որ քաղաքական-վերլուծական-փորձագիտական դաշտի 90 տոկոսն այլեւս ասելիք, հետեւաբար նաեւ` անելիք չունի քաղաքական-հասարակական դաշտում, քանի որ բաց եւ բովանդակային քննարկումների պարագայում պիտի դուրս գային իրենց հարմարավետ գոտուց, այսինքն` Փաշինյանի ուղղված պաթոսային մեղադրանքներից, այն է՝ փաստացի արցախյան հարցում «ստատուս քվոն» չպահելը, այն էլ՝ ՌԴ օգնությամբ, եւ նրան մեղադրեին այդ պահին սեղանին առկա առաջարկներով կարգավորման չգնալու համար, այսինքն՝ մեղադրեին կարգավիճակի հարցը ապագային թողնելու եւ տարածքները վերադարձնելու վերաբերյալ ռուսական առաջարկները մերժելու, այդպիսով` բանակցությունները տապալելու եւ պատերազմը չկանխելու համար, եւ որպես հետեւանք` հազարավոր զոհեր տալու եւ շատ ավելի շատ տարածքներ կորցնելու եւ նոր կորուստների վտանգ ստեղծելու համար։

Այսինքն, պիտի դիրքորոշում արտահայտեին ՌԴ նախագահի հայտարարության վերաբերյալ։ Բայց այդ պարագայում կպայթեր իրենց «ոչ մի թիզական» քարոզչական միֆը, կպարզվեր, որ իրենք բոլորը նույնպես տարիներով ստել են եւ այսօր էլ շարունակում են ստել, որ շահարկել եւ շահարկում են Արցախի հարցը՝ ներքաղաքական հարցեր լուծելու համար, եւ որ վերջապես՝ Փաշինյանն արել է այն ամենը, ինչ իրենք քարոզել են, այսինքն՝ իրենց հոգեզավակն է՝ առնվազն։

Պուտին. «Տվեք նրանց այդ 5 շրջանները»

«Վալդայ» ակումբում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր բառացիորեն հետեւյալը․

«Մենք երկար տարիների ընթացքում երկխոսություն ենք վարել Հայաստանի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ ձևով Հայաստանը, փաստացի, վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները, մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կա երկու շրջան՝ Քարվաճառը և ավելի հարավ գտնվող (Լաչինի) շրջանը, ինչ-որ փուլում համաձայնության կգանք Ադրբեջանի հետ՝ տվեք նրանց այդ 5 շրջանները, դրանք պետք չեն, անիմաստ է պահելը, քանի որ դատարկ են, մարդիկ հեռացել են, փաստացի` վտարվել են, և այդ տարածքները պահելու իմաստ չկա։ Իսկ Ղարաբաղի հետ կապը պահելու համար բավարար են երկու շրջանները, որոնք, ի դեպ, բավական մեծ են։ Կարծում ենք՝ դա արդարացի կլիներ՝ վերադարձնել փախստականներին և այլն, դա լավ քայլ կլիներ ընդհանրապես տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Դա հանգեցրեց այն իրավիճակին, որն առկա է այսօր»։

Ըստ էության, ՌԴ նախագահն ամենաբարձր մակարդակով բացահայտել էր այն, ինչը տարիներ շարունակ հայտնի էր որպես կարգավորման ռուսական առաջարկ կամ ժողովրդական լեզվով ասած՝ Լավրովի պլան։ Մի կողմ թողնենք մեր ազգային՝ անհատական-սուբյեկտիվ վերաբերմունքը այդ առաջարկի բովանդակությանը, մի կողմ թողնենք, թե որքանով է դա մեր սրտով եւ համապատասխան մեր ազգային իղձերին ու ձգտումներին։ Մենք այս պարագայում գործ ունենք  քաղաքական իրողությունների ամենաբարձր մակարդակով արձանագրման հետ, ուստի պետք է մի կողմ թողնելով մեր հայրենասիրական զգացմունքներն ու ցանկությունները, որոնք քաղաքական կատեգորիաներ չեն, մեր քաղաքական դիրքորոշումն արտահայտենք այդ իրողության վերաբերյալ։ Իսկ այդ իրողությունն, ըստ էության, այն մասին էր, որ առնվազն այդ առաջարկները բանակցող կողմերին ներկայացնելու պահից արդեն ռուսական կողմը բացահայտ եւ շիտակորեն սահմանել էր իր կարմիր գծերը․ մեր դիտանկյունից ասած՝ ՌԴ-ն հստակ ուրվագծել էր այն սահմանը, որից անդին ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մենք աջակցության ակնկալիք չպետք է ունենայինք իրենից։

Դրանք էին․

-առաջարկները կողմերին ներկայացնելու պահից ՌԴ-ն ուրվագծել էր, որ իրեն այլեւս ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը, որ ռուսական կողմն ունի տեղում՝ գետնի վրա իր ներկայությունը մեծացնելու խնդիր, որով էլ պայմանավորված էր ստատուս քվոն փոխելու ցանկությունը։

Սա, իր հերթին, նշանակում էր, որ այդ ցանկությունը գերակա էր, հետեւաբար` այդ սահմաններում չտեղավորվող ցանկացած քայլ կամ պահանջ կարող էր ընկալվել որպես խանգարող հանգամանք եւ զոհաբերվել գերակա այդ նպատակին։ Եւ պատահական չէր, որ ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծում էր` «մենք երկար տարիների ընթացքում երկխոսություն ենք վարել Հայաստանի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ ձևով․․․», այսինքն` որպես հասցեատեր նշում է Հայաստանը։

Սա նշանակում է, որ երբ կա ստատուս քվոն փուլային տարբերակով փոխելու առաջարկ, եւ դրա հասցեատերն, ըստ ՌԴ նախագահի, հայկական կողմն է, բայց հայկական կողմը պահանջում է կարգավիճակի հարցը չթողնել ապագային, այլ քննարկել եւ որոշել փաթեթով եւ մեր պատկերացրած եղանակով (ինչին էլ դեմ է Ադրբեջանը), եթե հայկական կողմը մերժում է փուլային այդ առաջարկը, ապա այդ մոտեցումը կարող է դառնալ կամ ընկալվել որպես գերակա նպատակին խանգարող հանգամանք։

-առաջարկները կողմերին ներկայացնելու պահից ռուսական կողմը շիտակ սահմանել է, թե որ հարցերում Հայաստանին հաստատ չի աջակցի, ասել կուզի` եթե հայկական կողմը մերժում է կարգավորումը «5+2» փուլային՝ ռուսական տարբերակով լուծման գնալու առաջարկը, ապա այդ մերժմանը հետեւած զարգացումների ժամանակ չի լինի մեզ համար ակնկալելի եւ ցանկալի աջակցություն։

Սա նշանակում էր, որ ռուսական կողմը մեզ փաստացի շատ բաց ասել էր՝ ահա այն առավելագույնը, որ կարող եմ առաջարկել, ահա իմ հնարավոր աջակցության առավելագույն շեմը, ահա իմ կարմիր գծերը, մնացածի՝ այսինքն մերժման հետեւանքների համար, Հայաստա՛ն, դու ես պատասխանատվություն կրելու։

Ահա այս ավելի քան բացահայտ նոր իրողություն-վտանգն էր, որը հայկական քաղաքական միտքը չտեսավ կամ չցանկացավ տեսնել ո՛չ ապրիլյանից առաջ, ո՛չ էլ հատկապես 44-օրյա պատերազմից առաջ։ Բայց այդ «միտքը», ինչպես գիտենք, որպես ինքնուրույն մարմին գրեթե գոյություն չունի, եւ մեծամասնությունը հաճախ ածանցված է օրվա իշխանությանն ու դրա վարած քաղաքականությանը, ուստի այս համատեքստում այլ հարց է փաստացի կարեւոր դառնում՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները տարիներով չտեսնելու տվեցին այդ վտանգը, ինչո՞ւ խուսափեցին, այո՛, ծանր, բայց պատասխանատու որոշումներ կայացնելուց, ինչու հանրությանը պահեցին անտեղյակության թմբիրի եւ պաթոսի ճիրաններում՝ սին հույսեր ներշնչելով, եւ արդյունքում ունեցանք մի լուծում, երբ ռուսական այդ առաջարկները արդեն երանություն են թվում։

Եւ դա այն դեպքում, երբ այդ վտանգը ուղիղ կանգնած էր մեր դռանը, ուղիղ նայում էր մեր աչքերին, բառացիորեն թակում էր մեր դուռը։

Եւ այդ վտանգի մասին բազմիցս զգուշացրել էր Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ թվում` նաեւ 2015-ի դեկտեմբերին։ Սկզբում հրապարակային հոդվածով, ապա՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՍԴ նախագահի միջոցով հասցեագրված նամակով։

Հոդվածում Տեր-Պետրոսյանը գրել էր«Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թեւակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարեւելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը եւ սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատև ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արևելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Այդ երկրամասերից մեկը, գուցեև ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու և Երևան կատարած վերջին այցերը»։

Իսկ ահա նամակում բաց տեքստով գրել էր, որ մասնավորապես «Միջազգային լարվածության խորացման և Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը և այստեղից ևս մասնակցել Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։ … Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում»։

Սրանից պարզ բացատրել, թվում էր, հնարավոր չէր, բայց բոլորը չտեսնելու էին տալիս այն, ինչը բախում էր մեր դուռը, բոլորը կարգավորմանը դեմ էին, ոչ մեկը չէր ցանկանում դավաճան հռչակվել, թեեւ աշխարհաքաղաքական ցնցումների էպիկենտրոնում էին հայտնվել։

Բայց որ ամենազավեշտալին է․ որքան բարձր էին գոռում, թե ի տարբերություն ռուսական առաջարկները ընդունելու կոչ անողների (եթե անկեղծ՝ բացի Հայ ազգային կոնգրեսից, հնարավոր էլ չէ հիշել մեկ այլ ուժի, որ նման կոչ աներ), իրենք անկախական են, ինքնիշխան են եւ պայքարում են մեր ինքնիշխանությունը ռուսական ծավալապաշտությունից փրկելու համար, այնքան իրենց գործողություններով տասնապատիկ ավել մեծացրեցին ռուսական ներկայությունն ու ազդեցությունը, քան դա կարող էր տեղի ունենալ այդ առաջարկները խաղաղ տարբերակով ընդունելու պարագայում։

Ավելին, հենց այդ առաջարկները խաղաղ տարբերակով (այո, դավաճան հռչակվելու գնով անգամ, պետությո՞ւն ենք ի վերջո, թե՞ գրականության եւ պաթոսի խմբակ) ընդունելու պարագայում էր հնարավոր ոչ միայն զերծ պահել Հայաստանի անկախությունը այսօրվա վտանգներից եւ այն վտանգներից, որոնց դեմ, իբր, հողմաղացային դոնքիշոտյան կռիվ էին տալիս իրենց «անկախական» հռչակածները, այլեւ՝ հայաստանակենտրոն, հայաստանյան պահել նաեւ Արցախը․ Հայաստանյան, ոչ թե՝ հայկական, ինչն ունենք այսօր, բայց ինչն էլ վտանգված ու մազից է կախված։ Բայց դրա մասին ավելի մանրամասն մեկ ուրիշ առիթով։

ՀՀԿ-ի «հերքումը» հաստատում էր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանն, ինչպես նշեցինք, արձագանքել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հայտարարելով բառացիորեն հետեւյալը․

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված բանաձեւը երբեք չի քննարկվել Հայաստանի կողմից, երբեք չի առաջարկվել Հայաստանին պաշտոնապես, երբեք չի եղել ՄԽ համանախագահների հետ քննարկման առարկա, երբեք այդպիսի բանաձեւ չի հնչել բարձր կամ բարձրագույն դիվանագիտական խողովակներով։ Այսինքն, այն, ինչի մասին խոսում էր ՌԴ նախագահը՝ չի քննարկվել, չի բանակցվել, չի առաջարկվել ՌԴ կողմից բարձր ու բարձրագույն խողովակներով՝ ԱԳՆ կամ նախագահի մակարդակով»։

Զարմանալիորեն, Աշոտյանի այս հայտարարության տեղական արձագանքները՝ ընդհանուր առմամբ, այս միտքն էին գեներացնում, թե «Աշոտյանը հերքել է Պուտինին», «Պուտինը ստել է» եւ այլն։ Այնինչ, Արմեն Աշոտյանը ոչ միայն չի հերքել, այլեւ՝ իրականում հաստատել է Պուտինի ասածները, պարզապես այնպես, որ անտեղյակների մոտ տպավորություն ստեղծվի, թե հերքում է։ Մոտավորապես այնպես, եթե մեկը հայտարարի, թե ինքն իքս մարդուն առաջարկել է ջուր, իսկ իքս անձը հակադարձի, թե իրեն սպիտակ տարայով ջուր չեն առաջարկել, այն էլ՝ հունիս ամսին եւ այն էլ՝ հարեւանների ներկայությամբ։

Աշոտյանն, ահա, նույնն է ասել, այն է՝ այդ առաջարկը չի արվել անձամբ ՌԴ նախագահի կամ ԱԳ նախարարի մակարդակով, այսինքն, ինչ-որ այլ անձ է այն ներկայացրել, այն չի եղել ՄԽ բոլոր համանախագահների բանաձեւը, այսինքն` դրանք ռուսական մոտեցումներն էին։

Այս մոտեցումների մասին, ի դեպ, վերջերս ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն էր գրել․ «Այն ժամանակահատվածում, երբ ես ԱՄՆ համանախագահն էի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին եւ ոչ պաշտոնապես հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»: Սակայն մեզ նախազգուշացրել էին այն անվանել «բանակցային սեղանի վրա դրված պլան»։ Աշոտյանը հենց նույն բանն էր ասում, իսկ թե ի՞նչ մակարդակով է ներկայացվել առաջարկը, եւ ինչո՞ւ Հայաստանն, իր ասելով, չի քննարկել այն, լավ կլինի՝ հենց ինքը՝ Աշոտյանը կամ ՀՀԿ-ն պաշտոնապես պարզաբանի։

Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ է 2019-ի վերջին Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում» վերնագրով զեկույցը, որտեղ ասվում էր․

«․․․Ռուսաստանն արդեն ավելի քան տասը տարի առաջատար դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության միջնորդության հարցում։ Այն տարածաշրջանային միակ տերությունն է, որը հրապարակավ խաղաղապահության պատրաստակամություն է հայտնել՝ 1992-1994 թվականների պատերազմի սկզբից ի վեր առնվազն երկու անգամ առաջարկելով զորքեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում (սկզբում 1994-ի Բիշքեկի արձանագրության ստորագրումից անմիջապես հետո, ապա՝ 2015-ից հետո)։ Ներկա և նախկին ռուս պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանի գլխավորած խաղաղապահ ուժերը կարող են օգնել կանխել հետագա ռազմական գործողությունները, նույնիսկ ավելի լայն համաձայնագրի բացակայության դեպքում: ․․․

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները հետևողականորեն մերժվել են Հայաստանի, Ադրբեջանի կամ երկուսի կողմից: ․․․Խաղաղապահներ ուղարկելու մասին Մոսկվայի վերջին առաջարկը, այսպես կոչված, Լավրովի պլանի մի մասն էր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ 2015-ին առաջին անգամ քննարկած և 2016-ի ռազմական գործողություններից հետո կրկին առաջ քաշված պլանը երբեք պաշտոնապես չի ճանաչվել Կրեմլի կողմից: Պլանով առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղում ռուսական զինված ուժերի տեղակայումը կապել հարակից տարածքներից հայկական զորքերի աստիճանական դուրսբերման և անորոշ ժամկետով «ժամանակավոր կարգավիճակի» տրամադրման հետ։ Այն որևէ հստակություն չի պարունակում այն մասին, թե ինչպիսին է լինելու հանրաքվեն կամ երկարաժամկետ կարգավիճակը։

․․․ 2016-ին Ադրբեջանը պատրաստակամ էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հարցում, որը, ինչպես նա հույս ուներ, կփոխարիներ հայկական ուժերին և կապահովեր վերաբնակիչների անվտանգությունը մինչև տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը (որից հետո տեղահանվածները կկարողանային վերադառնալ)։ Երևանն իր հերթին մերժեց այդ առաջարկը։ Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ դրույթների բացակայությունը և հայ ղեկավարների մտավախություններն էին, որ նման խաղաղապահները փաստորեն Ղարաբաղին կզրկեն անկախության ապագա հեռանկարներից: Հայ որոշ պաշտոնյաներ, ըստ հաղորդումների, հայտարարել են, որ փաստաթուղթը, հնարավոր է՝ պատրաստվել էր Բաքվում ՝ նկատի ունենալով, թե որքան համահունչ է այն, իրենց կարծիքով, ադրբեջանական շահերին»։

Այս ամենն ի հաստատումն այն բանի, որ ռուսական տարբերակը մինչեւ 2019 թվականը մի քանի անգամ առաջարկվել է Հայաստանին, բայց ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, «Կազանյան փաստաթղթի մոդիֆիկացված տարբերակը Լավրովն առաջարկել է համանախագահների անունով, սակայն այդպես էլ աշխատանքային փաստաթուղթ չէր դարձել, քանի որ գոնե մինչեւ 2018 թվականը Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ, եւ այն այժմ գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում»։ Իսկ ահա հատուկ «անհասկացողների» համար նույն Սարգսյանը բացատրում էր, թե ինչ ասել է աշխատանքային փաստաթուղթ, այն է․ աշխատանքային է կոչվում այն փաստաթուղթը, որը կողմերի համար ընդունվում է որպես քննարկման համար հիմք, տևական ժամանակ բանակցվում է և հետո կա՛մ ստորագրվում է, կա՛մ չի ստորագրվում և գնում է ԵԱՀԿ դեպոզիտարիա: 

Այսինքն, ռուսական՝ փուլային լուծման առաջարկը կողմերը, ՀՀԿ իշխանության օրոք, չեն ընդունել որպես քննարկման հիմք, եւ այն մնացել էր առաջարկի կարգավիճակում։ Թե ինչու՝ այդ մասին եւս նրանք, թերեւս, պետք է պարզաբանում տան։

«Տարածքներ խաղաղության դիմաց» նարատիվը  

Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրմամբ՝ փուլային լուծման ռուսական առաջարկները նորից ներկայացվեցին նաեւ Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ 2019 թվականին, արդեն Փաշինյանի օրոք։

2020-ի պատերազմից հետո Փաշինյանը ռուսական այդ առաջարկների մասին հայտարարեց, թե դրանցով փաստացի առաջարկվում էր հենց այնպես վերադարձնել տարածքները՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման։ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքեց ՄԽ ռուսաստանցի այն ժամանակվա համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով․

«Ռուսական առաջարկների ներքո, հավանաբար, նկատի է առնվել փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019 թ. հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում ՝ երկուսի վերադարձը, ընդ որում, ընդգծեմ հատուկ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։ Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. «Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու, իսկ քվեարկության ցանկացած արդյունք հարգվելու է Կողմերի կողմից»։ Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին։

Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը բանակցություններն էին կանոնավոր կերպով ընդհուպ մինչև 2018 թվականը, երբ Երևանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»։

Այսինքն, ռուսական առաջարկների փուլային լուծման գաղափարը սա էր․ այն հարցերը, որոնց շուրջ տարաձայնություններ չկան, օրինակ՝ տարածքների վերադարձը, լուծել առաջին փուլում, վերադարձնել տարածքները, տեղակայել խաղաղապահ զորքեր, եւ ապա հետո (տարիներ, տասնամյակներ անց) անցնել հաջորդ փուլին՝ քննարկել կարգավիճակի հարցը։

Ի դեպ, արդեն այդ ժամանակ շատերին ակնհայտ էր, որ մերժման այլընտրանքը պատերազմն է լինելու, եւ թերեւս պատահական չէր, որ այդ պլանին դեմ արտահայտվողները այն անվանում էին «տարածքներ խաղաղության դիմաց» մոտեցում։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ըստ Սերժ Սարգսյանի, գաղտնի բանակցում էր դրանց շուրջ՝ հրապարակավ դրա մասին ոչ մի խոսք չասելով։

Սարգսյանն ասում էր․

«․․․․ինչպե՞ս եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդը, երբ որ իրենց առաջարկեցին նոր, այսպես ասեմ, փաստաթուղթ, և իրենք ընդունեցին այդ փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք, և մի ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով հանդերձ, որ չկա բանակցային պրոցես:

․․․Լավրովը արդեն 2020 թվականի ապրիլին հայտարարեց, որ պետք է վերջապես անցնել առարկայական բանակցությունների: Մի ամբողջ տարի այս տկարամիտները մեզ փորձում էին համոզել, որ ընդհանրապես բանակցային սեղանին թուղթ չկա, փաստաթուղթ չկա, և ընդհանրապես բանակցություններ տեղի չէին ունենում .․․մենք աղմկում էինք, քննադատում էինք, ճնշում էինք գործադրում, կարծում եմ` վերջիվերջո, սրանք եկան եզրակացության, որ այդ պայմանները կարող են բերել իրենց իշխանության կորստի, որովհետև միակողմանիորեն պետք է հանձնվեին հինգ շրջաններ` ինչ-որ այսպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց, ինչը ծիծաղելի բան է․․․

․․․Կողմերից մեկը, և, ինչպես հասկացանք` հայկական կողմը հետո հրաժարվեց շարունակել բանակցությունները։ Այո, իմ խորին համոզմամբ՝ դա եղել է փուլային տարբերակ, որովհետև ինչո՞ւ պետք է հայկական կողմը փաթեթային տարբերակից հրաժարվեր»։

«Սեւրը ճոճողները»

Իսկ ի՞նչ էին անում այս իշխանությունները, երբ բոլորից ավելի լավ էին տեղեկացված, թե ինչ աղետի շեմին ենք կանգնած, թե ինչ է նշանակում ռուսական կողմի այս առաջարկը՝ իր հնարավոր մոտեցումների եւ պահվածքի հարցում, եթե բանակցային պրոցեսը խաթարվի։

Նրանք ոչ միայն որեւէ բաց ու ազնիվ զրույց հանրության հետ չէին վարում, այլեւ Փաշինյանն ասում էր, թե «ինչ ցանկանում, այն էլ բանակցում ենք»՝ միաժամանակ շատ լավ իմանալով մեր ռեսուրսներն ու հնարավորությունները, իմանալով, որ համաձայնություն չտալու եւ որպես դրա հետեւանք վերահաս պատերազմի դեպքում կարող ենք բառացիորեն մենակ մնալ։ Ահա այդ ամենը իմանալով՝ նրա իշխանությունը հանրությանը ոչ թե սթափության, այլ կեղծ էյֆորիայի մեջ էր պահում՝ հանդես գալով դաշնակցականներից էլ ավելի «ոչ մի թիզականի»՝ «Աղդամը մեր հայրենիքն է» տիպի լոզունգներ պոռացողի կերպարով, հանրությանը սին հույսեր ներշնչելով, թե «նոր ժողովրդավարական» Հայաստանը կարող է զերծ լինել այն վտանգներից, որոնք սպառնում էին ոչ ժողովրդավարական Հայաստանին։ Իսկ 2020-ի Տավուշյան մարտերից հետո՝ ոչ մի թիզական չհիմնավորված մեծամիտ այդ էյֆորիան ուռճացրեցին այնքան, որ հասցրեցին գագաթնակետին, անգամ սկսեցին թմբկահարել Սևրի պայմանագիրը․ արդյունքում ունեցանք մոտիվացված, բայց սեփական ուժերը գերագնահատող, մեր ռեսուրսների չափը չիմացող անպատրաստ հանրություն, որը միայն պատերազմի մեկնարկից օրեր անց առերեսվեց դառը իրականությանը եւ, ինչպես Վլադիմիր Պուտինն էր ասում, ունեցանք, այն, ինչ, ունենք այսօր։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին եւ նրա «թիմին»․ ճիշտ է, պատերազմից հետո Քոչարյանը մի անգամ խոսքի մեջ հայտարարեց, թե հայկական կողմը պետք է ընդուներ Լավրովյան պլանը, սակայն, ինչպես հիշում ենք, թե մինչ այդ հարցազրույցը, թե դրանից հետո՝ եւ նա, եւ նրան կցված քաղաքական ուժերն ու դեմքերը, եւ նրա քարոզչամեքենան տրված են եղել «հողերը ծախում են», «հողերը տալիս են», «Արցախը ծախում են» ոճի քարոզչությանը՝ շահարկելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը որպես ներքաղաքական պայքարի բութ գործիք՝ միաժամանակ շատ լավ իմանալով, թե ինչ կպատահեր Հայաստանի եւ Արցախի հետ, եթե որեւէ իշխանություն կյանքի կոչեր իրենց քարոզչությունը։

Եւ գտնվեց այդպիսի իշխանություն, եւ կյանքի կոչեց։ Եւ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։

Բայց անգամ տեղի ունեցածից հետո բոլոր այս ուժերը՝ իշխանությունը եւ նրա դեմ պայքարի իմիտացիա վարող ընդդիմությունը շարունակում են այն վարքը, որն ունեին մինչեւ պատերազմը՝ պաթոսային անպտուղ լաչառ լեզվակռիվ, պետության հանդեպ պատասխանատվության, գուրգուրանքի իսպառ բացակայություն, զրո սթափություն եւ լրջություն, անգամ երբ ՌԴ նախագահն է բաց խոսում տեղի ունեցածից։

Թեեւ, մեծ հաշվով պարզ է, թե ինչու են բոլորը չնկատելու տալիս այդ ելույթը. իշխանությանը ձեռնտու չէ դրա մասին խոսել հասկանալի պատճառներով, որովհետեւ ուղիղ պիտի խոստովանեն, որ կամ մարդկային որեւէ հատկությամբ օժտված չեն, եւ դժվար երկընտրանքի ժամանակ գիտակցված չեն գնացել կարգավորման ու ընտրել են զոհեր տալով հարցը լուծելու տարբերակը, կամ կատարյալ մանկամիտ են եւ ծայրահեղ անունակ երկիր կառավարելու հարցում, այն աստիճան, որ դուռը բախող վտանգը չեն էլ նկատել եւ հավատացել են, որ հաղթանակը կախված է մոտիվացիայից եւ հաղթելու կամքից, եւ մեզ ընդամենը լավ կոչ անող ու մոտիվացնող է պետք 21-րդ տեխնոլոգիական դարի այս քառուղիներում։

Իսկ ընդդիմադիր ուժե՞րը։ Նրանք էլ պարզ պատճառով են լռում. որովհետեւ հակառակ դեպքում կպարզվի, որ տեղի ունեցած այս աղետի համար իրենք իրենց բաժին պատասխանատվությունն ունեն, որ Փաշինյանի հետ իրենք եւս պետք է պատասխանատվություն կրեն, որովհետեւ այդ դեպքում հանրությունը նրանց բոլորից կմաքրի քաղաքական հանրային դաշտը։

Ահա հենց այս լռելյայն հանցակցությունն է, որ ծնում է այն, ինչ ունենք այսօր, երբ կա պաթոս, պայքարի իմիտացիա, արդյունքում հա՛մ իրենք են մնում ջրի երեսին, հա՛մ՝ Փաշինյանը, եւ արատավոր այդ շղթան անդադար պտտվում է Հայաստանի կոկորդի շուրջը, իսկ իրական աշխարհում՝ Արցախը դե ֆակտո կորցնելուց հետո Հայաստանն արդեն ինքն է կանգնել աղետի առջեւ։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըԲայդենը և Էրդողանը հանդիպել են G20-ի շրջանակներում
Հաջորդ հոդվածըՀամածառայակցի կրակոցից զինծառայող է զոհվել․ ՊՆ