‘ՌԴ նախագահի նախկին խորհրդական. Պուտինին Ղրիմում զոհեր են հարկավոր’

848

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական Անդրեյ Իլլարիոնովի կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա կարող է կասեցնել միայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այդ մասին Իլլարիոնովը հայտարարել է Gordonua.com-ի մեկնաբանությունում:

«Լրագրողների հետ հանդիպմանը Պուտինն առնվազն 20 անգամ օգտագործեց «Ղրիմ» բառը, բայց նա ոչ մի անգամ «Ղրիմ» բառը չօգտագործեց  «Ուկրաինայի մաս» նշանակությամբ: Պուտինն այն ժամանակ արդեն հրապարակավ, Ռուսաստանի ողջ բյուրոկրատական ապարատի, նրա Զինված ուժերի, հատուկ ծառայությունների ու դիվանագիտության, ինչպես նաև՝ ողջ աշխարհի առջև հայտարարեց, որ Ղրիմն արդեն իր կողմից դիտվում է առնվազն որպես անկախ պետություն»,- պնդում է Իլլարիոնովը:

«Այստեղ գլխավոր խնդիրը Ուկրաինայի արևելյան և հարավային շրջանների ապակայունացումն է, որի նպատակը բախումների արդյունքում զոհեր ստանալն է: Առայժմ զոհեր չկան, իսկ դա, Պուտինի տեսակետից, բավարար չէ, ուստի ամենամոտ ժամանակները, և արդեն ոչ միայն «տիտուշկաների» ու «ռուս տուրիստների», այլ Ուկրաինայի տարածք նետած հատուկ խմբերի օգնությամբ սադրանքներ կկազմակերպվեն, որոնց գլխավոր նպատակը կլինի զոհեր ստանալը: Զոհեր՝ Ուկրաինայի ռուսալեզու քաղաքացիների կամ Ուկրաինայի ռուս քաղաքացիների շրջանում: Միայն դա հիմք կհանդիսանա ռուսաստանյան զորքերի անմիջական ներխուժման համար»,- համոզված է Իլլարիոնովը:

«Հարցազրույցի ընթացքում Պուտինը հստակ ասաց, որ ինքն Ուկրաինա ներխուժելու համար բոլոր փաստաթղթերն ունի: Իհարկե, դրանց օրինականությունն ուղղակի ծաղր է, քանի որ Դաշնային խորհրդի որոշումը՝ զորք մտցնելու Ուկրաինա, ծանրագույն քրեական հանցագործություն է՝ «Ագրեսիվ պատերազմի նախապատրաստում, պլանավորում և կազմակերպում» հոդվածով: Ինչ վերաբերում է Յանուկովիչի նամակին, ապա ոչ ոք դա չի տեսել, իսկ դրա ֆոտոպատճենը Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ցույց է տվել հեռվից: Նախկինի պես՝ մենք չգիտենք Յանուկովիչի գտնվելու վայրը, ողջ-առո՞ղջ է, որովհետև փետրվարի 28-ից հետո նրան ոչ ոք չի տեսել»,- հայտարարել է նախկին խորհրդականը: Փոխանցում է censor.net.ua-ն: 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթիին» պատրաստ է €200 մլն վճարել Մեսսիի համար’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական Հոմս քաղաքի հայկական թաղամասում ահաբեկչություն է տեղի ունեցել’