‘ՌԴ նախկին դեսպան. Հայաստանում ռուսական քարոզչության մակարդակը բավարար չէ’

808

ՌԴ նախկին դեսպան. Հայաստանում ռուսական քարոզչության մակարդակը բավարար չէ
Ռուսաստանը պետք է ակտիվացնի Հայաստանում տեղեկատվական աշխատանքը, «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանը Հարավային Կովկասում շատ կարեւոր դեր է խաղում, հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը եւ գտնվում է բարդ, գրեթե արգելափակված վիճակում, Հայաստանի հետ տեղեկատվական դաշտում առանձնահատուկ աշխատանք պետք է տարվի», — ասել է Կովալենկոն`հավելելով, որ արեւմտամետ գործիչներն այս հարցում ավելի լայն հնարավորություններ ունեն:
Նրա կարծիքով, Ռուսաստանը Հայաստանի տեղեկատվական դաշտում բավարար չափով ներկայացված չէ: Կովալենկոն դժգոհել է, որ Հայաստանում չկա այնպիսի հեռուստաալիք, որը կպատմեր Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կքարոզեր Մաքսային միության առավելությունները հասարակ մարդկանց համար, որը կներկայացներ այն քայլերը, որոնք իրականացնում է Ռուսաստանը Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Նախկին դեսպանի խոսքով, լավ կլիներ ավելի շատ համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնել եւ լուսաբանել դրանք մամուլով:
«Ես կարծում եմ, պետք է ակտիվացնել աշխատանքը նաեւ բարձրագուն կրթության բնագավառում: Վերջերս ինձ ասացին, որ վերջապես որոշվել է Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացել: Այս ամենն ընդհանուր առմամբ հենց նշանակում է աշխատել քաղաքացիական հասարակության հետ: Նման օրինակներ շատ կան, բայց ցավոք, դրանք բնակչությանը չեն հասնում», — նշել է Կովալենկոն` ընդգծելով, որ ինտեգրացիոն գործընթացնեռրի խորացմանը զուգահեռ ԶԼՄ-ները պետք է ակտիվ քարոզչական աշխատանք տանեն:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Չարը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ’