Ռուսաստանում մարտ ամսին կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը ամերիկյան իշխանություններին է դիմել ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունների պահպանությունն ուժեղացնելու խնդրանքով։
Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությանը համապատասխան բովանդակությամբ նոտա է փոխանցվել։ Դեսպանատունը հուսով է, որ ՌԴ նախագահի ընտրությունների շրջանում ամերիկյան կողմը կարգելի պիկետները ռուսաստանյան ներկայացուցչությունների անմիջական հարևանությամբ, պարզաբանել է դեսպանը։
«Մեր դեսպանատան և հյուպատոսության անվտանգության վիճակը զգալիորեն վատացել է, և դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Պարբերաբար բախվում ենք կիևյան ռեժիմի կողմնակիցների ցույցերին ու սադրիչ գործողություններին Ռուսաստանի հաստատությունների մոտ։ ․․․ Հուսով ենք, որ ընտրությունների անցկացման շրջանում արգելք կդրվի ռուսաստանյան արտասահմանյան հաստատությունների անմիջական հարևանությամբ պիկետներ անցկացնելու նկատմամբ»,- հայտարարել է Անտոնովը։