‘ՌԴ-ն երկու միլիոն դոլար կհատկացնի Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար’

664

Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու  համար Ռուսաստանը կհատկացնի 2 միլիոն դոլար, մի քանի տասնյակ երկրներ նույնպես պատրաստ են նույնքան գումարներ տրամադրել, այսօր հաղորդել է «Коммерсантъ»-ը:

Ռուսաստանը հրաժարվել էր իր տարածք տեղափոխել Սիրիայի քիմիական զենքը,  հիշեցնում է թերթը, սակայն պատրաստ է այդ երկիր ուղարկել  Ռուսաստանի ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական  պաշտպանության զորքերի զինվորականների, որոնք արտասահմանյան գործընկերների հետ միասին կապահովեն ոչնչացման գործընթացի անվտանգությունը: Բացի այդ, Ռուսաստանը կարող է նաև տրանսպորտ տրամադրել՝ սիրիական զինանոցն արտասահման տեղափոխելու համար: Ինչպես հաղորդվել է, ամենայն հավանականությամբ՝ սիրիական քիմիական զենքի ոչնչացման երկրորդ փուլը կանցկացվի Ալբանիայի տարածքում: Ավելի վաղ իրենց տարածքներում այդ զինանոցը ոչնչացնելու առաջարկը մերժել են Թուրքիան, Հորդանանը և Նորվեգիան:

Առաջին փուլը՝ քիմիական զենքի արտադրության համար  նախատեսված սարքերի ոչնչացումն ավարտվեց ճիշտ ժամկետին՝ մինչև նոյեմբերի 1-ը: Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհուրդը մինչև նոյեմբերի 15-ը պետք է հաստատի երկրորդ փուլի գործողությունների պլանը, որի ընթացքում նախատեսվում է ոչնչացնել Սիրիայում կուտակված 1,3 տոննա թունավոր նյութեր, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կրեմլը կփորձի վարկաբեկել Լիտվայի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’