‘ՌԴ-ն չի միջամտի Բակիևի վերաբերյալ բելառուսա-ղրղզական վեճին’

709

Այսօր Մինսկում՝ մամլո ասուլիսում, Բելառուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը հայտարարել է, թե Ռուսաստանը չի միջամտի Ղրղզաստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին արտահանձնելու շուրջ բելառուսա-ղրղզական տարաձայնություններին: «Դա Բելառուսի և Ղրղզստանի երկկողմ հարաբերությունների խնդիր է, և իրենք էլ դա կլուծեն ՝միջազգային նորմերին համապատասխան»,- ասել է Ռուսաստանի դեսպանը:

Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլին Ղրղզստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի արդյունքում իշխանությունն անցավ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից կազմված ժամանակավոր կոալիցիոն կառավարությանը: Հեղաշրջման ժամանակ զոհվեց 90 մարդ, գրեթե հազարը վիրավորվեց:

Նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, նրա եղբայր Ժանիշ Բակիևը, ինչպես նաև՝ նրանց մի քանի մերձավորներ հեռակա կարգով մեղադրվել են զանգվածային սպանությունների մեջ, որոնք ուղեկցվել են ծառայողական իրավասությունների գերազանցմամբ, և նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Բիշքեկը բազմիցս դիմել է Մինսկին՝ պահանջելով իրեն հանձնել Ղրղզստանի քաղաքացի Բակիև եղբայրներին, ինչպես նաև՝ Ինտերպոլի գծով ԱՊՀ երկրների տարածքում որոնվող այլ քաղաքացիների: Օրերս Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը հերքեց այն տեղեկությունները, թե Մինսկը բանակցություններ է վարում նախկին նախագահին Բիշքեկին արտահանձնելու շուրջ: Կոնյուկը շեշտեց, որ Բակիևը հանդիսանում է Բելառուսի քաղաքացի և չի կարող արտահանձնվել մեկ այլ երկրի:

Հեղաշրջումից հետո փախչելով Բելառուս՝ Բակիևը որոշ ժամանակ անց ստացել է այդ երկրի քաղաքացիություն, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Ընտանիքի քայքայման ու այլասերման վերաբերյալ տարածվող տեղեկությունները անհիմն են’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Մալթա՝ մեկնարկային կազմերը’