ՌԴ-ում կործանված ինքնաթիռի ուղևորներից ոչ ոք չի փրկվել

613

Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի բոլոր ուղևորները` 74 մարդ, զոհվել են, հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

Ըստ նրա` ինքնաթիռն ընկել է Կորոչանսկի շրջանում՝ բնակավայրին մերձ դաշտում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռում Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի կար. փոխանակման նպատակով նրանց տեղափոխում էին Բելգորոդի մարզ։ Նրանց հետ էին անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է, որ հունվարի 24-ին նախատեսվում էր ռազմագերիների փոխանակում Կիևի և Մոսկվայի միջև։

RBC-Ukraine պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերով համակարգող շտաբը հայտնել է, որ ռուսական կողմի տեղեկությունները, թե Իլ-76 ինքնաթիռում եղել են ուկրաինացի ռազմագերիներ, դեռ ստուգվում են։ Համակարգող շտաբը ուկրաինացիներին կոչ է արել չստուգված տեղեկատվություն չտարածել։

Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրները, տեղեկություն էին տարածել, թե Բելգորոդի մարզում կործանված ինքնաթիռը ոչ թե ռազմագերիների էր փոխադրում, այլ С-300 զենիթահրթիռային համակարգերի հրթիռներ։

Ի դեպ, ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ուկրաինական հարձակումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ինքնաթիռի վրա արձակել են 3 հրթիռ։

Նախորդ հոդվածըՌԴ-ում կործանվել է ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող ինքնաթիռը
Հաջորդ հոդվածըԿապելո․ Չավիի գլխավոր խնդիրը Լեւանդովսկին է