‘ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտից բերման են ենթարկել 11 ընդդիմադիրների’

797

Այսօր Մոսկվայում ոստիկանությունը բերման է ենթարկել տասնմեկ ընդդիմադիրների, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ  Բորիս Նեմցովին, ովքեր փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ուկրաինայի դեսպանատան մոտ, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով ընդդիմադիր քաղաքական գործչին: «Ինձ հետ միասին՝ 11 հոգու են բերման ենթարկել: Դրանք «Սոլիդարնոստ»-ի և «РПР-ПАРНАС»-ի ակտիվիստներ են»,- լրատվական գործակալությանը հայտնել է Նեմցովը ոստիկանական ավտոբուսից: «Մենք միանգամայն խաղաղ կանգնած էինք դեսպանատան առջև՝ «Ուկրաինա, մենք քեզ հետ ենք» ցուցապաստառով: Ոստիկանները մեզ բոլորիս ավտոբուս նստեցրին Սահմանադրության 31-րդ հոդվածը խախտելու հիմնավորմամբ և տեղափոխեցին ոստիկանության բաժին»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը: «РПР-ПАРНАС»-ը համերաշխ է ուկրաինական ընդդիմության հետ, ով հանդես է գալիս ի պաշտպանություն Ուկրաինայի եվրոպական ընտրության: Մենք հանդես ենք գալիս Ռուսաստանի եվրոպական ընտրության օգտին, և դա միանգամայն բնական է: Ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան Եվրոպայի անքակտելի մասն են»,- ասել է Նեմցովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն կարող է անվանական պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են ոստիկանները մարդկանցից «մաքրում» նախագահականին կից տարածքը. Տեսանյութ’