‘ՌԴ պետդումայի պատգամավոր. Ուկրաինայում իրավիճակը մտահոգիչ է’

769

ՌԴ պետական դումայի միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սոկոլովը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ուկրաինայում տիրող իրավիճակը շատ մտահոգիչ է: «Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, կարող է շատ վատ վերջանալ այդ երկրի համար: Ոչ թե Յանուկովիչի, այլ երկրի համար»,- հայտարարել է Սոկոլովը՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել Ուկրաինայի՝ որպես միասնական պետության փլուզմանը: Ռուս պատգամավորը հավելել է նաև, որ իրավիճակը Ուկրաինայում շատ մտահոգիչ է նաև այն պատճառով, որ բողոքի ցույցերը միավորել են ոչ միայն նրանց, ովքեր համաձայն չեն երկրի արտաքին քաղաքական կուրսին, այլև մարդկանց, ովքեր վրդովված են Կիևի ցույցի կոպիտ ցրումից: «Այնտեղ հավաքվել է Յանուկովիչի դեմ միավորված ընդդիմությունը և թե՛ եվրոինտեգրացիայի կողմնակիցները,  թե՛ նրանք, ովքեր վրդովված են Ուկրաինայում տիրող իրավիճակից, այսինքն՝ երկու հոսանքներ համատեղվել են մեկում»,-հայտարարել է Սոկոլովը՝ նշելով, որ ուկրաինական իշխանությունները գտնվում են շատ ծանր իրավիճակում և դեռ չգիտեն՝  ինչ անել: 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում բողոքի մարդաշատ ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ից, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը կասեցնելու մասին կառավարության որոշումից հետո, իսկ նոյեմբերի 30-ին ուկրաինական հատուկ ջոկատայինները բռնություն կիրառելով ցրել էին ցույցը:

Ուժայինների գործողությունները դեկտեմբերի 1-ից հակակառավարական բողոքի նոր ալիք են առաջացրել, ինչի հետևանքով երեկ մայրաքաղաք Կիևի փողոցներ են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ:

 

Նախորդ հոդվածը‘Ռեժիսոր Չժան Իմոուն կվճարի «ավել» երեխաների համար’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’