‘ՌԴ պետդումայում առաջարկել են արգելել կեդերը և բարձրակրունկ կոշիկները’

1270

Մաքսային միությունում, որի կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, կարող են արգելել կեդերը և բարձրակրունկ կոշիկները, քանի որ դրանք վտանգում են ռուսաստանցիների առողջությունը: Համապատասխան դիմումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին է ուղարկել «Արդար Ռուսաստան» կուսակցությունից ստորին պալատի պատգամավոր Օլեգ Միխեևը, հաղորդում է Извесия-ն:

Պատգամավորն առաջարկում է Մաքսային միության տեխնիկական ռեգլամենտ մտցնել նոր բժշկական օրթոպեդիկ պահանջներ կոշիկների վերաբերյալ: Նրա կարծիքով՝ հարթ ներբանով ոտնամանները (կեդեր և «բալետկաներ»), ինչպես նաև՝ բարձրակրունկ կոշիկները, հանգեցնում են ոտնաթաթի կառուցվածքի խանգարման, որի արդյունքում զարգանում են հարթաթաթություն, սրունքների մկանների ձևախեղում, ստորին վերջույթների երակների լայնացում, երակային քրոնիկ անբավարարություն:

Պատգամավորի խոսքով՝ ըստ վիճակագրության՝ բնակչության 40 %-ը տառապում է հարթաթաթությունից: Հիմնականում հենց այդ պատճառով էլ 2014 թ. ՌԴ ԶՈւ զորակոչվեցին նաև հարթաթաթություն ունեցող պատանիներ, քանի որ այդ հիվանդությունից զուրկ զորակոչիկ գտնել, գործնականում, հնարավոր չէ:

Մաքսային միության՝ կոշիկի համար գործող ռեգլամենտը սահմանում է կառուցվածքի դետալների ամրությունը, անջրանցիկությունը, քիմիական կառուցվածքը, սակայն կենսաքիմիական և օրթոպեդիկ պահանջները բացակայում են:

Սա Մաքսային միության տարածքում հագուստի տարածված տեսականերն արգելելու առաջին դեպքը չէ: Այսպես, որոշ ժամանակ առաջ արգելք էր սահմանվել ժանյակավոր վարտիքների արտադրության, ներկրման և վաճառքի նկատմամբ, քանի որ այն չի համապատասխանում ՄՄ տեխնիկական չափորոշիչներին: Ժանեկավոր ներքնազգեստի պաշտպանությամբ հանդես եկավ առևտրի և արդյունաբերության փոխնախարար Վիկտոր Եվտուխովը, որը խոստացավ հասնել Ռուսաստանում այդ արգելքը վերացնելուն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Ձեր ներկայացրած փաթեթը զրոյական արժեք ունի’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են տեղաշարժվում Սերժ Սարգսյանը և ՀՀ քաղաքացիները (տեսանյութ)’