‘ՌԴ սահմանապահների պարզաբանումը. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով’

880

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ «Արմենպրեսը» դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում Սահմանապահ վարչություն: Ի պատասխան` Սահմանապահ վարչությունից տվել են Զարուհի Փոստանջյանի և «Ժառանգություն» կուսակցության հայտարարություններին խիստ հակասական հայտարարություն, որտեղ ասվում է, որ Փոստանջյանը և իրեն ուղեկցող անձինք փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, և ռուսաստանցի սահմանապահները տեսախցիկ չեն կոտրել: Նշենք նաև, որ երեկ նույն «Արմենպրես» գործակալությունը հաղորդել էր, որ ռուսաստանցի սահմանապահները խոստացել են փոխհատուցել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատճառած բարոյական և նյութական վնասը:

Մեզ մնում է միայն ներկայացնել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում Սահմանապահ վարչության հայտարարությունը.

«Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ. Ա. Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որն, ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:

Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի՝ Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ:

Ժամը 20:00-ի շրջանում Երևան-Մեղրի ճանապարհի վրա կանգնեցվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը:

Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապարակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները տեսանկարահանման սարքը չեն կոտրել:

Ավելին, դեպքի վայր է ժամանել Սահմանապահ վարչության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները և կարգավորել խնդիրը:

Այնուամենայնիվ, Զ. Ա. Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք միտումնավոր փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին:

Իրենց գործողություններով Զ.Ա. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարումը` կապված սահմանի պահպանության հետ՝ դրանով իսկ հանցագործների որոնման և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով:

 Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ցավում է տեղի ունեցածի համար:

 Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի և սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է` լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի:

Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որի անդամ է Զ. Ա. Փոստանջյանը, կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի» մասին օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանման հարցում, Սահմանապահ զորքերին անհապաղ հայտնել պետական սահմանին սպառնացող վտանգի մասին»»,-ասված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մարիո Գյոցե. Մխիթարյանը լավ է խաղում’
Հաջորդ հոդվածը‘Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով’