‘
Հյուսիսային Կովկասի ապակայունացման փորձը ձեռնտու է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդին և մրցակցին` ԱՄՆ-ին, որն էլ հենց միջնորդավորված կանգնած է Գրոզնիի արյունալի ակցիայի հետևում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Յանա Ամելինան:
«Սակայն այժմ ոչ 90-ական, ոչ էլ 2000-ական թվականներն են: Կովկասի պայթեցման նախագծերից ստիպված են լինելու հրաժարվել, և` որքան շուտ, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար: Ակնհայտ է, որ Գրոզնիի ահաբեկչության մեղքը, որի արդյունքում զոհվեցին 14 ոստիկաններ, ընկած է արմատական-իսլամական ահաբեկչական ընդհատակի վրա», — համոզված է Ամելինան:
Փորձագետը նշել է, որ վերջին տարիներին իրավապահ մարմինները տպավորիչ հաջողությունների են հասել արմատականներին ուժային հակազդեցության գործում: Բացի այդ, նրանց ոչ քիչ մասը և հնարավոր պահեստայինները մեկնել են պատերազմելու Սիրիայում և Իրաքում: Այդուհանդերձ, նրա կարծիքով, պնդել, որ այդ վտանգը վերացել է օրակարգից, անշուշտ, դեռ վաղ է: Ամելինան ափսոսանքով նշել է, որ ծայրահեղականները կարողացան իրենց հնարավորությունները ցուցադրել նույնիսկ այնպիսի ռազմականացված և իսլամական արմատականության վտանգը գիտակցող հանրապետությունում, ինչպիսին է Չեչնիան:
Փորձագետը չի կասկածում, որ դրանից լուրջ հետևություններ կարվեն, ընդ որում` ոչ այնքան Չեչնիայում, որքան Կովկասի և Պովոլժիեի այլ հանրապետություններում, որտեղ վերջին ժամանակներս կրկին ուժ է ձեռք բերում իրական խնդիրները լռության մատնելու անառողջ միտումը: Իսկ այս կամ այն դժվարությունների ժխտումը, նրա գնահատմամբ, անհնար է դարձնում դրանց լուծումը, ինչն ամենաբացասական հետևանքները կունենա:
‘