Փարիզում անցկացված ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով առավելության հասավ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ։
Առաջին խաղակեսում զգալի առավելություն ուներ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։ «Լիվերպուլը» 5 հարված կատարեց, բոլորն էլ հետ մղեց «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։
Առաջին խաղակեսի վերջին րոպեներին «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց 59-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի սուր փոխանցումից հետո բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի խփած գոլը։ Երկրորդ խաղակեսում եւս 4 սեյվ կատարեց Տիբո Կուրտուան։ Վինիսիուսի հարվածը միակն էր «Լիվերպուլի» դարպասին ամբողջ խաղի ընթացքում։
«Ռեալը»14-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նախորդ անգամ մադրիդյան թիմը տիտղոսը նվաճել էր 2018-ին Փարիզում՝ դարձյալ հաղթելով «Լիվերպուլին» (3։1)։
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
«Լիվերպուլ» — «Ռեալ»՝ 0:1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 59