‘«Ռեալի» ամոթը, «Բարսելոնայի» հպարտությունը, եւ այլ արտառոց հանգամանքներ’

915

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրը, որը վերջինն էր 2012 թվականին, դեռ երկար կհիշվի: Զարմանալի իրադարձությունների մի շարք, որի սկիզբը դրեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, իսկ թե ով վերջը կդնի, դա կերեւեա հետագայում:

Նախ, «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց «Սելտային» եւ շարունակում է վստահորեն պահել 2-րդ տեղը: Սա այժմ արդեն փոքրիկ, բայց իրադարձություն էր: Այս թիմի մարզիչ Դիեգո Սիմեոնեի արձանը այլեւս կարելի է տեղադրել:

Հաջորդը «Վալյադոլիդ» — «Բարսելոնա» հանդիպումն էր: Հասկանալի է, որ ուշադրությունն այս հանդիպման նկատմամբ տասնապատկվեց կատալոնացիների գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի բացակայության պատճառով, որը ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել եւ որոշ ժամանակ հեռու կմնա ֆուտբոլից: Երկու թիմերի խաղացողները, լեփ-լեցուն մարզադաշտը իրենց աջակցությունը հայտնեցին Վիլանովային: «Բարսելոնան» խաղադաշտ էր դուրս եկել անպայման հաղթելու եւ իրենց մարզիչին ուրախացնելու նպատակով: Բացի այդ, տարին պետք էր փակել հաղթական նոտայով, ռեկորդային ցուցանիշներով, Մեսիի գոլով եւ գեղեցիկ խաղով:

Այդ ամենը հանդիպման ընթացքում եղավ: Որքան էլ «Վալյադոլիդը» համառ դիմադրություն ցույց տար, այս «Բարսելոնային» այսօր հնարավոր չէ ողջ խաղը դիմակայել: «Բարսելոնան» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց՝նորից գոլ բաց թողնելով, Մեսին խփեց իր 26-րդ գոլը Պրիմերայում եւ 91-րդը՝ տարվա ընթացքում՝ ընդ որում, արտակարգ գեղեցիկ գոլ էր, Տելյոն խաղադաշտ մտնելուց ընդամենը մի քանի վայրկյան անց խփեց երրորդ գնդակը, կատալոնացիները վաստակած միավորների քանակով շարունակում են ռեկորդներ թարմացնել…  Մի խոսքով, ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ. «Բարսան» հաղթեց 3:1 հաշվով, դա նույնքան բնական է, որքան արեւի մայրամուտը երեկոյան:

Իսկ ահա հաջորդ հանդիպումը՝ «Մալագա» — «Ռեալ», արտառոց որակելը քիչ է:

Սա տուրի կենտրոնական հանդիպումն էր, որտեղ խաղում էին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ դուրս եկած երկու թիմ: «Մալագայի» գլխավոր մարզիչ Պելեգրինիի համար սա սկզբունքային էր նաեւ այն պատճառով, որ մինչեւ «Մալագան» նա հենց  «Ռեալն» էր գլխավորում, եւ ապացուցելու բան ուներ:

Իսկ թե ինչ էր ցանկանում ապացուցել Ժոզե Մոուրինյոն, որ պահեստայինների նստարանին էր թողել «Ռեալի» ավագ եւ դարպասապահ Իկեր Կասիլյասին…. Վերջին 10 տարվա ընթացքում Կասիլյասը առաջին անգամ «Ռեալի» հանդիպումը բաց է թողնում ոչ թե որակազրկման կամ վնասվածքի պատճառով, այլ՝ «տեխնիկական պատճառներով», ինչպես խաղից հետո բացատրել էր Մոուրինյոն,  որը այնուհետեւ շարունակել էր, թե Ադանը Կասիլյասից ավելի լավ դարպասապահ է: Սա արդեն վերջն է:  

Կասիլյասին պահեստայինների նստարանին թողնելը թերեւս Մոուրինյոյի ամենարտառոց որոշումներից մեկն էր նրա մարզչական կարիերայի ընթացքում: Կասիլյասը «Ռեալի» խորհրդանիշն է, կենդանի լեգենդը, անվիճելի առաջատարը, հեղինակությունը: Վերջին տարիներին ասելով «Ռեալ», առաջին հերթին հասկանում են Կասիլյաս: Կասիլյասը ոչ միայն «Ռեալի», այլ ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի ամենահարգված ֆուտբոլիստներից մեկն է: Ֆուտբոլիստ, որը վաստակել է այդ հարգանքը խաղադաշտում եւ դրանից դուրս իր օրինակելի, զուսպ, համեստ եւ պարկեշտ վարքագծով, իսպանական ֆուտբոլին, ակումբին մատուցած իր անգնահատելի ծառայություններով:

Հանդիպման ընթացքում սոցցանցերը, լրատվամիջոցները պարզապես տրաքում էին Մոուրինյոյի այս որոշման արձագանքներից, մեկնաբանություններից: Ոչ մեկին անտարբեր չէր թողել այն: Իրենց տարակուսանքն էին հայտնել նույնիսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբը, ֆուտբոլային հեղինակությունները: Էլ չենք խոսում «Ռեալի» երկրպագուների մասին: Շատերը «Ռեալին» հարգում են հենց Կասիլյասի համար: Հայաստանում էլ է՝ ի դեպ, այդպես:

Այդ որոշման եւ հանդիպման ընթացքն էլ ցույց տվեց, որ «Ռեալը» բավական լուրջ ճգնաժամի մեջ է, եւ այն շատ ավելի խորքային եւ համակարգային բնույթ է կրում,  քան պարզապես ֆուտբոլիստների մոտիվացիայի պակասը, «մանդրաժը» «Բարսելոնայի» ցուցադրած խաղից եւ արդյունքներից. կամ էլի ինչ որ մանր պատճառներ:

Հիմնական պատճառը, թերեւս վերջին տարիներին «Ռեալի» ղեկավարության վարած քաղաքականությունն էր, որի արդյունքում թիմը աստղաբաշխական գումարներով համալրել են թեկուզ տաղանդավոր, բայց մեկը մյուսից ամբիցիոզ, քմահաճ, կամակոր աստղեր, որոնց գլխին էլ որ դնում ես Մոուրինյոյին, ստացվում է այն, ինչ ստացվել է այժմ: Իրար տակ փորել, միմյանցից խռովել, խմբերի բաժանվել. սա է այսօրվա «Ռեալը»: Մինչդեռ ժամանակին «Ռեալում» հանդես գալը ցանկացած ֆուտբոլիստի համար մեծ պատիվ էր համարվում,  ֆուտբոլիստները փառահեղ պատմություն ունեցող այս թիմում խաղում էին առաջին հերթին հոգով, սրտով եւ միայն հետո փողի համար: Այժմ լրիվ հակառակն է: Ամեն տարի նոր աստղեր հրավիրելով՝ բացարձակապես անտեսելով թիմի դպրոցի սաներին, որոնք էլ հենց պետք է լինեին «Ռեալի» դեմքն ու հոգին, արդյունքը պետք է լիներ այն, որ պահեստայինների նստարանին հայտնվեց այս թիմի միակ իսկական «ռեալիստը»՝ Կասիլյասը:

«Բարսելոնայում» մինչեւ այժմ հպարտությամբ են նշում այն փաստը, որ մի քանի տուր առաջ, հանդիպումներից մեկում խաղադաշտում «Բարսայի» ֆուտբոլային ակադեմիայի 11 սաներ էին: Կատալոնացիներրի մեծամասնությունը հենց այս փաստն է համարում «Բարսայի» հիմնական ձեռքբերումը այս տարի: Իսկ հիմա տեսեք. որտեղ է «Բարսելոնան», որտեղ՝ «Ռեալը», ինչ մթնոլորտ է տիրում «Բարսայում», եւ ինչ է կատարվում «արքայական» ակումբում, չնայած ամոթ է ««Ռեալին» այլեւս համարել «արքայական», եթե այնտեղ Կասիլյասի հետ այդպես են վարվում:

Զուտ վիճակագրության համար նշենք, որը «Ռեալը» պարտվեց «Մալագային»՝ 2:3: Եվ դա արդեն անակնկալ չի կարելի համարել: «Մալագայի» տղաները խաղում էին հենց հոգով, սրտով, նվիրվածությամբ՝ բանի տեղ չդնելով այն փաստը, որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Չէին խնայում իրենց, հանուն երկրպագուների, այլ ոչ թե փողի, պատրաստ էին մեռնել խաղադաշտում: Նրանք վաստակեցին այդ հաղթանակը:

Ի՞նչ կլինի «Ռեալի» հետ, ինչ զարգացումներ են սպասվում այնտեղ, կապրենք, կտեսնենք: Բայց շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչ կլիներ, եթե «Ռեալի» ֆուտբոլիստները թեկուզ մեկ ամիս աշխատավարձ չստանային:

Իսկ տարին փակվեց այսպիսի տեսքով. «Բարսելոնա»՝ 49 միավոր, «Աթլետիկո»՝ 40, «Ռեալ»՝ 33, «Մալագա»՝ 31:

Իսպանիայի առաջնություն. 17-րդ տուր

«Աթլետիկո» — «Սելտա»՝ 1:0

Ադրիան, 77

«Վալյադոլիդ» — «Բարսելոնա»՝ 1:3

Խավի Գերա, 89 – Չավի, 43, Լիոնել Մեսի, 60, Տելյո, 90


«Մալագա» — «Ռեալ»՝ 3։2

Իսկո, 49, Ռոկե Սանտա Կրուզ, 73, 76 – Սերխիո Սանչես, 66 (ինքնագոլ), Կարիմ Բենզեմա, 82

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Համլետ Կիրակոսյան. Ավելի մեծ է Տեր-Պետրոսյանի առաջադրվելու հավանականությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Տարբեր մարզերում մեքենաների խցանումներ են առաջացել’