‘«Ռեալ» — «Բարսելոնա»՝ 1:1. սուպերկլասիկոն ստացվեց (տեսանյութ)’

821

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեալ» — «Բարսելոնա» սուպերկլասիկոն ստացվեց: Մեկ շնչով այն դիտվեց: Միգուցե այն ամենագոլառատը չէր, թերեւս ամենադիտարժանը չէր, սակայն դրամատիզմի, լարվածության առումով չէր զիջում նախորդ դիմակայություններին:

«Ռեալը» զարմացրեց: Եվ հիացրեց: Ունենալով այդքան կադրային խնդիրներ, զրկվելով պաշտպաններ Ռամոսից, Մարսելոյից, Պեպեյից, Կոենտրաուից, կիսապաշտպան Անխել Դի Մարիայից, էլ չենք խոսում Կասիլյասի մասին, թիմը գրեթե ոչնչով չզիջեց «Բարսելոնային», իսկ տրամադրվածության, ամեն գնդակի համար պայքարելու մղումով ինչ որ տեղ գերազանցեց մրցակցին: Եվ սա դեռ այն դեպքում, որ խաղում էր Կարվալյուն, որը ավելի շատ վնաս էր տալիս մադրիդցիներին, քան՝ օգուտ: «Ռեալի» խաղից բացարձակապես չէր երեւում, որ այս թիմը պայթում է ներքին հակասություններից, խռովարարների բունտերից, մարզիչ – խաղացող վերջնագրերից: Մոուրինյոն կարողացել էր ինչպես հարկն է պատրաստել թիմին թե ֆիզիկապես, եւ թե հոգեբանորեն: Ընդ որում, «Ռեալը» նորից չպարտվեց «Բարսելոնային»: Այս մրցաշրջանում սա թիմերի միջեւ չորրորդ հանդիպումն էր, որտեղ կողմերը մեկական հաղթանակ են տարել, եւս երկուսը ավարտվել է ոչ-ոքի: Վիճակագրություն, որը Գվարդիոլայի օրոք մադրիդցիները կերազեին:

Շատ լավ տպավորություն թողեց «Ռեալի» կազմում իր նորամուտը նշող դարպասապահ Դիեգո Լոպեսը, որը մի շարք դրվագներում փրկեց թիմին վերահաս գոլերից: Ի տարբերություն նախորդ խաղերի, Կրիշտիանու Ռոնալդուն հրաշալի խաղ ցուցադրեց ոչ միայն առջեւի գծում, այլ նաեւ պաշտպանությունում: Սակայն «Ռեալի» կազմում առանձնահատուկ պետք է նշել Ռաֆայել Վարանին, որը գրեթե անթերի հանդիպում անցկացրեց. եւ իր տեղը խաղալով, եւ Կարվալյուի, եւ բացակա ընկերների եւ հասցրեց նաեւ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ:

Իսկ ինչ «Բարսելոնային», ապա դա «Բարսելոնան» է: Նույն խաղաոճով, նույն ձեռագրով: Սակայն կատալոնացիների մոտ ակնհայտ էր ֆունկցիոնալ պատրաստվածության ճգնաժամը: Բավական ծանր ամիս է թիմի համար, եւ խաղացողները չեն հասցնում վերականգնել ուժերը: Այստեղից էլ նրանց ոչ բնորոշ դանդաղ խաղը, բարձր արագությունների պակասը: Չնայած այս ամենին, «Բարսելոնան» ավելի մոտ էր հաղթանակին: Այսինքն, նա պարտավոր էր հաղթել՝ ունենալով այդքան հրաշալի պահեր, սակայն որոշ դեպքերում հիանալի խաղաց Լոպեսը, այնտեղ, որտեղ նա անզոր էր, դարպասաձողն էր օգնության հասնում, իսկ որոշ պահեր էլ «Բարսայի» խաղացողները ուղղակի չիրացրեցին:

Ինչեւէ, մարտական ոչ-ոքի՝ 1:1, եւ սա լիովին արտացոլում է հանդիպման ընդհանուր պատկերը: Եվ նշանակում է, որ ամենահետաքրքիրը այս դիմակայությունում դեռ առջեւում է: Ոչինչ որոշված չէ, եւ ամեն ինչ կպարզվի միայն պատասխան խաղում, որը կայանալու է փետրվարի 27-ին՝ Բարսելոնայում:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին  հանդիպում,

Մադրիդ, «Սանտյագո Բեռնաբեու»

«Ռեալ» — «Բարսելոնա»` 1:1

Ռաֆայել Վարան, 83 — Սեսկ Ֆաբրեգաս, 50

Նախորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների համար Քուվեյթում $1,2 միլիարդ են հավաքել’
Հաջորդ հոդվածը‘Մի վախեցեք «օրգանի» մարդուց. Մամուլ’