‘
Հոկտեմբերի 25-31-ը Երևանում կընթանա անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, փառատոնը կբացի ռեժիսորներ Ստեֆան Բյոռլի և Մատիս մալզյոյի «Սրտի մեխանիկա» ֆիլմը: Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնի շրջանակում կընթանան տարածաշրջանային պրեմիերաներ: Դրանց թվում են Ալե Աբրեուի «Մանուկն ու աշխարհը» (Բրազիլիա), որն արժանացել է անիմացիոն ֆիլմերի Անսի-2014 միջազգային փառատոնի մրցանակի:
Եվս մեկ տարածաշրջանային պրեմիերա կլինի Հելեն Ժիրոյի և Թոմաս Զաբոյի «Թրթուրներ: Արկածներ մրջյունների հովտում» ֆիլմը (Ֆրանսիա):
Ընդհանուր առմամբ, «Ռեանիմանիայի» շրջանակում կցուցադրվի շուրջ 400 ֆիլմ: Քասունիի ասելով, այս տարի փառատոնին մասնակցության 850 հայտ է ստացվել աշխարհի 90 երկրներից, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ավանդույթի համաձայն, «Ռեանիմանիայի» շրջանակում կընթանան ոչ միայն ֆիլմերի ցուցադրություններ, այլև` վարպետության դասեր: Բացի այդ, Կաննի ՄԿՓ դափնեկիր Սերժ Ավետիքյանը փառատոնում կներկայացնի իր նոր նախագիծը` «Վերջին ռաունդը Ստամբուլում»:
Ինչպես ԱրմԻնֆո-ին պատմել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը, այս տարի «Ռեանիմանիան» կընդունի շուրջ 20 հյուրերի աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում են ֆրանսիական «Ֆոլիմաժ» ստուդիայի կոմպոզիտոր և ռեժիսիոր, «Ռեանիմանիա-2013» դափնեկիր Մարկ Բորեալը:
«Ռեանիմանիան» կնշի կինոռեժիսոր- մուլտիպլիկատոր Նորման ՄակԼարենի 100-ամյակը. կընթանա ռեժիսորի ֆիլմեր հետադարձ ցուցարդություն, ինչպես նաև Էդինբուրգի ՄԿՓ-ում Նորման ՄակԼարենի անվան պարգևի արժանացած ֆիլմերի ցուցադրություն:
Փառատոնի ուշադրությունից դուրս չի մնա նաև նկարիչ-բեմադրող Վալենտին Պոդպոմոգովի 90-ամյակը: Մասնավորապես, կկազմակերպվի նրա կյանքի և գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմերի ցուցադրություն:
‘