Ռեժիմն ապրում է ահաբեկությամբ, թմրանյութերով և զենքով

125

Հյուսիսային Կորեայից ամենաբարձրաստիճան փախստակը՝ նախկին գնդապետ Կիմ Կուկ Սոնը, վերջին 30 տարիներին ապրել է խոր գաղտնիության պայմաններում՝ աշխատելով հյուսիսկորեական հետախուզությունում և, ինչպես ինքն է ասում, «լինելով Գերագույն առաջնորդի աչքերը, ականջներն ու ուղեղը»։

Նա պատմում է, որ պահել է ռեժիմի գաղտնիքները, մարդասպանների է ուղարկել այդ ռեժիմի քննադատների մոտ և թմրանյութերի արտադրության լաբորատորիա է ստեղծել, որպեսզի փող հայթայթի «հեղափոխության գործի համար»։

«Ես կարմիրից էլ կարմիր էի, կոմունիստական իշխանության հավատարիմ ծառան»,- պատմել է նախկին գնդապետը։

Սակայն ԿԺԴՀ-ում ո՛չ բարձր պաշտոնը, ո՛չ իշխանություններին անվերապահ նվիրվածությունը անվտանգության երաշխիք չեն։

Կիմ Կուկ Սոնը Հյուսիսային Կորեայից փախել է 2014 թ․՝ փրկելով իր կյանքը, և այդ ժամանակվանից ապրում է Սեուլում և համագործակցում հարավկորեական հետախուզության հետ։ Նրա խոսքով՝ հյուսիսկորեական վերնախավը հուսահատության աստիճան փողի կարիք ունի և փորձում է ճարել բոլոր միջոցներով՝ թմրավաճառքից մինչև զենքի վաճառք Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Նա նաև հաղորդել է, որ հյուսիսկորեական լրտես գործակալները և հակերները թափանցել են աշխարհում ամենուր։ Նախկին գնդապետը պատմել է, որ 2009 թ․ մայիսին «վերևից» հրաման է ստացվել ստեղծել լիկվիդատորների խումբ՝ Հարավ փախած մի պաշտոնյայի սպանելու համար, և ինքն անձամբ է ղեկավարել այդ գործողությունը։

«Ահաբեկչությունը եղել և մնում է Հյուսիսային Կորեայի քաղաքականության և Կիմ Չեն Իրի ու Կիմ Չեն Ինի բարձր պատիվը պահելու գործիքը»,- նշել է նախկին գնդապետը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀետախուզությունը ձերբակալել է ԻՊ-ի «գլխավոր հաշվապահին»
Հաջորդ հոդվածըՆոր կանցլերը խոստացել է շարունակել Կուրցի արտաքին քաղաքականությունը