‘Ռեժիսոր Չժան Իմոուն կվճարի «ավել» երեխաների համար’

763

Չինացի ռեժիսոր Չժան Իմոուն խոստովանել է, որ խախտել է մեկ ընտանիքի երեխաների թվի վերաբերյալ օրենքը: Այդ մասին նա հայտարարել է իր ընկերության բլոգում հրապարակված բաց նամակում, փոխանցում է Channel NewsAsia-ն: Չժան Իմոուն հայտնել է, որ ինքն ու իր կինը երեք երեխա ունեն՝ երկու որդի և մեկ դուստր, տեղեկացնում է BBC News-ը: Ռեժիսորը  ներողություն է խնդրել իշխանություններից՝ «մեկ ընտանիք՝ մեկ երեխա»-ի քաղաքականությունը խախտելու համար և խոստացել վճարել  անհրաժեշտ տուգանքը: Ռեժիսորը նաև տեղեկացրել է, որ մտադիր է դատի տալ այն ԶԼՄ-ներին, որոնք լուրեր են հրապարակել այն մասին, թե ինքը յոթ-ութ երեխա ունի, որոնք ծնվել են չորս տարբեր կանանցից:

2013 թ. մայիսին չինական իշխանությունները հայտարարեցին, որ սկսում են ստուգումներ անցկացնել Չժան Իմոուի նկատմամբ, որը կասկածվում է երեխաների սահմանափակման օրենքը խախտելու մեջ: Նաև հայտնում էին, որ յոթ երեխաների համար տուգանքը կարող է կազմել 160 միլիոն յուան (մոտավորապես 26 միլիոն դոլար):

Չժան Իմոուն Արևմուտքում ամենահայտնի չինացի ռեժիսորներից մեկն է: Նա  «Թռչող դաշույնների տունը», «Ճանապարհ դեպի տուն», «Հերոսը» և այլ ֆիլմերի հեղինակն է: Իմոուի կինոնկարները մրցանակների են արժանացել Բեռլինի և Վենետիկի կինոփառատոներում, ինչպես նաև՝ բազմիցս նոմինացվել  «Օսկար» մրցանակի:

Չինաստանում մինչ օրս գործում է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որը ներդրվել է 1970 ական թթ. վերջին, երկրի բնակչության գերաճը կանխելու նպատակով: Այժմ այդ սահմանափակումը տարածվում է բնակչության 63 տոկոսի նկատմամբ, մյուսներն օգտվում են այս կամ այն արտոնություններից: Վերջերս չինական իշխանությունները հայտարարեցին, որ երկու երեխա ունենալ կթույլատրվի այն ամուսնական զույգերին, որոնցից գոնե մեկը եղել է ընտանիքի միակ երեխան, փոխանցում է lenta.ru-ն: 

 

Նախորդ հոդվածը‘Կիեւ. Հանձնաժողովը Գերագույն ռադային առաջարկում է անվստահություն հայտնել կառավարությանը ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ պետդումայի պատգամավոր. Ուկրաինայում իրավիճակը մտահոգիչ է’