‘
Հանրապետականը չի ներկայանում ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկում են նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Սա այն նախագիծն է, որ ամիսներ շարունակ քննարկվել է քաղաքական եւ հասարակական ուժերի հետ, եւ որով իշխանությունները փորձում են գնալ դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Սա, իհարկե, իդեալական նախագիծ չէ, բայց հաստատ՝ ավելի լավն է, քան նախորդը, թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ այս նախագծով ԱԺ ընտրություններից հանվում է, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը, որը ներմուծելով՝ նախորդ իշխանությունները փաստացի սպանել էին ընտրությունների քաղաքական ողնաշարն ու դրանք վերածել թաղային հեղինակությունների ու «լավ տղաների»՝ թաղում ու շրջապատում ունեցած համբավի ցուցիչի որոշման: Այլ բազմաթիվ փոփոխություններ էլ կարելի էր նշել, սակայն, էականն այժմ դրանք չեն: Էականն այս պահին այն է, որ ՀՀԿ-ն փաստացի փորձում է տապալել նոր ԸՕ-ի ընդունումը, ինչը բնականորեն նշանակելու է, որ դեկտեբերին կայանալիք ԱԺ ընտրությունները կանցկացվեն ոչ թե նոր՝ փոփոխված, այլ՝ հին օրենսգրքով:
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ցանկությունը հենց սա է: Իհարկե, այստեղ տրամաբանական միտք է ծագում, որ հեղափոխությունից հետո տոտալ ու հիմնովին հեղինակազրկված ՀՀԿ-ն, որը, շատերի կարծիքով՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու դեպքում անգամ մեկ տոկոս հավաքելու շանս չունի, պետք է երկու ձեռքով կողմ լինի նոր ընտրական օրենսգրքին, որտեղ մեկական տոկոսով իջեցված է կուսակցությունների եւ դաշինքների համար անցողիկ շեմը, ինչպես նաեւ պարտադիր կերպով ապահովվում է չորրորդ ուժի ներկայությունը խորհրդարանում: Այսինքն, նոր օրենսգրքով ընտրություններ անցկացնելու դեպքում ՀՀԿ-ի՝ խորհրդարանում թեկուզ փոքր, բայց, այդուհանդերձ, ներկայացվածության շանսն ավելի մեծ է: Այդ դեպքում՝ ո՞րն է ՀՀԿ-ի սույն «կապրիզի» պատճառը, միայն իշխանությանը հերթական վատություն անե՞լը: Ամենեւին՝ ոչ:
ՀՀԿ-ն «կապրիզ» չի անում, ՀՀԿ-ն նպատակ ունի: Այն է՝ նոր ԸՕ-ի տապալմամբ պահպանել ռեյտինգային համակարգը: ՀՀԿ-ի հույսը հենց այդ համակարգն է, ՀՀԿ-ականները հույս ունեն, որ այդ դեպքում էլի երեւան կգան «լավ տղաները» եւ իրենց շրջապատի շնորհիվ՝ նորից ձայներ կբերեն հեղինակազրկված, ռեսուրսազրկված ու ճգնաժամի մեջ գտնվող (Աշոտյանի ականջը կանչի) ՀՀԿ-ի համար, հետո «լավ տղաները» երկրորդ պլան կգնան, ու տապալված հանրապետականները նորից կհայտնվեն խորհրդարանում: Սա է ՀՀԿ-ի խորամանակ պլանը, եւ սրա համար են նրանք հայտնի կենդանու համառությամբ այսօր «կռիվ տալիս»: Բայց այստեղ մի «բայց» կա, որ նրանք կամ հաշվի չեն առել, կամ՝ հույս ունեն, որ այդ «բայցի» արանքից կկարողանան «պլստալ»: Թաղի «լավ տղաները» կարող են ձայն բերել միայն ոչ ազատ, ոչ արդար ու ոչ թափանցիկ ընտրությունների ժամանակ, այն ժամանակ, երբ իշխանությունը հովանավորում է վախի մթնոլորտն ու ընտրակեղծիքները, երբ ոստիկանությունը պահպանում է վախի մթնոլորտը սերմանողներին, եւ շրջապատը ստիպված է ձայն տալիս «լավ տղային», քանի որ վախից ուրիշ այլընտրանք չի տեսնում, որովհետեւ գիտի՝ այդ անձանց թիկունքում կանգնած է մի ամբողջ իշխանական համակարգ՝ իր բոլոր ուժային կառույցներով: Բայց այսօր իրավիճակն այլ է, եւ նրանց թիկունքում այլեւս իշխանություն չկա կանգնած, նրանց թիկունքում կանգնած չեն իրավապահ համակարգերը, իսկ առանց այդ ապօրինի աջակցության այդ անձինք ընտրողներին շահագրգռելու որեւէ այլ՝ օրինական-քաղաքական ռեսուրս չունեն: Ավելին, դեռ մի բան էլ, եթե փորձեն ՀՀԿ-ի համար ձայն բերել ապօրինությամբ՝ դրանով իրենց են վտանգում: Եւ սա այն դեպքն է լինելու, որ նրանք հենց պիտի երկար ծանրութեթեւ անեն՝ իսկ արդյո՞ք իրենք ցանկանում են քաղաքական կամիկաձեներ դառնալ, եւ մնալ տապալված քաղաքական ուժի փլատակների տակ՝ լավագույն դեպքում:
Քրիստինե Խանումյան
‘