‘Ռետրո մամուլ. «Ազգ». «Պարզապես Մարիան»՝ Հայաստանում’

1389

1993-94թթ. ամբողջ Հայաստանը գամված էր հեռուստաէկրաններին՝ բաց չթողնելով «Պարզապես Մարիա» սերիալի եւ ոչ մի մաս: Սերիալը մեծ հաջողություն ունեցավ, իսկ նրա գլխավոր դերակատարը՝ Վիտորիա Ռուֆոն իսկական ժողովրդական կուռք էր դարձել: 
Այդ իսկ պատճառով հասկանալի է, թե ինչ էր կատարվում Հայաստանում, երբ 1994թ. ամռանը Ռուֆոն մի քանի օր Հայաստանում էր: Ձեզ ենք ներկայացնում այդ օրերին հրապարակված բազմաթիվ լուսաբանումներից մեկը:

«Արմենիա» հյուրանոցում կազմակերպված մամուլիս ասուլիսում հայտարարվեց, որ 4-օրյա այցով Հայաստանում հյուրընկալվող դերասանուհին հրաժարվել է իրեն հասանելիք 40 հազար դոլար հոնորարից: Ի տարբերություն մոսկովյան այցի, որի համար վճարվել է 250 հազար դոլար, Վիտորիա Ռուֆոն իր հայաստանյան ուղեւորությունը խնդրեց որակել որպես բարեգործական: Նա ընդունելության արժանացավ ՀՀ փոխնախագահի կողմից, եղավ Մատենադարանում, Ծիծեռնակաբերդում, Սարդարապատում, Սեւանա կղզում, Էջմիածնում, իր ցանկությամբ պետք է այցելեր նաեւ կոնյակի գործարան: Մարզահամերգային համալիրում նրա մասնակցությամբ երկու համերգ տրվեց: «Պարզապես Մարիա» բազմամասանոց ֆիլմի երկրպագուների հեղեղն ամենուր շրջապատում էր իր հերոսուհուն, որին նրանց ամենաջերմ երկրպագություններից պահպանում էին Հայաստանի բարձրաստիճան ոստիկանները:
Ի վերջո, Վիտորիա Ռուֆոյի Հայաստան հրավիրվելու փաստը հակասական տրամադրություններ առաջացրեց գոնե Երեւանում: «Երեւան» ռադիոծրագրի հաղորդումից հետո, որը նվիրված էր «Պարզապես Մարիա» ֆիլմին եւ նրա գլխավոր դերակատարուհուն, խմբագրությունը հայտնվեց զայրացած հեռախոսազանգերի տարափի տակ. «Երկիրը քանդվել է, ժողովուրդը՝ սոված, դուք Մարիա՞ եք խաղացնում»: Հայաստան ժամանած պարսկահայ գրող Վարանդի հետ Գրողների տանը կազմակերպված հանդիպման ժամանակ եւս այս առիթով տարակուսանք հնչեց: Ինչեւէ, դերասանուհու այցը խանդավառ իրարանցում առաջացրե հայաստանցիների մի խոշոր հատվածի մեջ, ով բավական բարձր է գնահատում բարոյախրատական պարզունակ բազմամասանոցի ժանրային եւ գեղարվեստական արժանիքները: Մամուլի ասուլիսում պարզվեց, որ Վիտորիա Ռուֆոյին եւս ժանրը դուր է գալիս՝ դժվարությունները հաղթահարող, ուժեղ եւ սիրող կնոջ թեմայով հանդերձ: Այն հարցին, թե Հայաստանի քաղաքական եւ մշակութային ֆիգուրների մեջ ո՞վ ամենամեծ տպավորություն թողեց նրա վրա, Ռուֆոն պատասխանեց, որ չի հասցրել ճանաչել նրանց. իսկ ինչ վերաբերում է քաղաքական ֆիգուրներին՝ «Ես նույնիսկ իմ երկրի քաղաքականությամբ չեմ զբաղվում»: Իր կյանքի ամենաերջանիկ պահը համարում է որդու ծնունդը՝ երջանիկ պահեր ակնկալելով եւ մեքսիկական կինոյում իր հետագա աշխատանքից, նաեւ փափագելով կրկին մայրանալ:
Վիտորիա Ռուֆոն հավանում է հայկական խոհանոցը. Հայաստանում նրան հրամցրել են մի շատ «համեղ ու անսովոր» միրգ (ըստ երեւույթին, ծիրան): Այստեղ ոչ ինքը, ոչ իր հետ ժամանած հայրն ու քույրը չեն հասցրել գնումներ անել. «Մեղքը Համլետինն է», ասաց նա (Հայաստանի հեռուստատեսության մոսկովյան թղթակից Համլետ Ղուշչյանը Մեքսիկայից ուղեկցում էր դերասանուհուն):
Այն հարցին, թե ինչ տպավորություն թողեցին իր վրա հայ տղամարդիկ, նա պատասխանեց, որ վերջիններս բավական սիրունատես են, իսկ մեքսիկացիներն ու հայերը՝ զգացմունքայնությամբ նման են միմյանց: Ասուլիսին հավաքված լրագրողները, որ ցանկանում էին իմանալ, թե տեղյա՞կ է արդյոք դերասանուին «Bravo-1»-ում իրեն մորեմերկ պատկերող կոլաժի գոյության մասին եւ կամ ի՞նչ հուշանվերներ է ստացել Հայաստանում, որոշեցին պարզապես անտակտ չլինել: Մեքսիկայի հեռուստատեսությունը Վիտորիա Ռուֆոյի Հայաստան կատարած այցի մասին ֆիլմ նկարահանեց: Իսկ մամուլի ասուլիսի վերջում լրագրողներին կրկին ու կրկին զգուշացվեց, որ դերասանուհուն հրավիրել եւ հյուրընկալումը կազմակերպել էր Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունը եւ ոչ թե ՆԳՆ-ն, որն ուղղակի ապահովում էր թանկագին հյուրի անվտանգությունը, եւ որ կազմակերպիչներին լուրջ ֆինանսական ժողովրդական բանահյուսության՝ գրեթե մարգարեական սուտ հորինելու կարողության մեջ, որովհետեւ 2 ամիս առաջ լուր տարածվեց, թե ՆԳ նախարարը զանգահարել է հեռուստառադիոպետվարչության պետին եւ առաջարկել Հայաստան հրավիրել Վիտորիա Ռուֆոյին, որպեսզի «Մեր ժողովուրդը մի քիչ ուրախանա»:
«Ազգ», 5 հուլիսի, 1994թ.

Նախորդ հոդվածը‘Վերին Լարսում Հայաստան եկող 200 մեքենա է մնացել. Ճանապարհը չի մաքրվում’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանը ճանաչել է Կոսովոյի անկախությունը ‘