‘Ռետրո մամուլ. Լիպարիտյան. «Ձգտում ենք պաշտպանել աշխարհում ԼՂՀ-ի վարած քաղաքականությունը» ‘

1087

«Ռետրո մամուլ» շարքից այսօր ներկայացնում ենք ՀՀ նախկին Արտգործնախարարի առաջին տեղակալ Ժ. Լիպարիտյանի 1993 թվականի ապրիլյան ասուլիսի լուսաբանումը

Ինչ է ուզում Ադրբեջանը

ՀՀ Արտգործնախարարի առաջին տեղակալ Ժ. Լիպարիտյանի մամլո ասուլիսից

Այս էլ որերորդ անգամ Ադրբեջանը, քաղաքական վայնասուն բարձրացնելով եւ թիկունքում ունենալով այնպիսի դիվանագիտություն, ինչպիսին Թուրքիայինն է՝ ձգտում է առիթը բաց չթողնել եւ թեկուզ հերյուրանքների միջոցով Հայաստանին ագրեսորի պիտակ կպցնել: Ադրբեջանական դիվանագետներն այսօր ամեն ինչ անում են ՄԱԿ-ին համոզելու, որ պատերազմ է մղվում Հայաստանի սահմաններից: Այս առումով մեծ պատասխանատվություն է դրված մեր դիվանագետների ուսերին, որոնք ապացուցում են աշխարհին, որ պատերազմը մղվում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ, որ ղարաբաղցին միայն իր տունն է պաշտպանում եւ հենց դրանում է նրա ուժը…

ՀԱՐՑ.- Վերջին իրադարձություններն (Քելբաջարի ազատագրման օպերացիան – iLur.am) արդյոք ավելի իրական չե՞ն դարձնում ԼՂՀ-ի ճանաչումը:

ՊԱՏ.- Այսօր կարեւոր է ԼՂՀ-ի պաշտպանությունը, եւ մենք՝ դիվանագիտական մեր բոլոր հնարավոր միջոցներով ձգտում ենք պաշտպանել աշխարհում ԼՂՀ-ի վարած քաղաքականությունը: Օրինակ՝ կոնֆլիկտի խաղաղ լուծման ճանապարհներ փնտրող ԵԱՀԽ-ի (այն ժամանակ ԵԱՀԿ-ն դեռ ԵԱՀԽ էր – iLur.am) նախագահությանը խնդրել ենք վերջին դեպքերի համար կապվել անմիջապես Ստեփանակերտի հետ, այնտեղից բացատրություններ ստանալ:

ՀԱՐՑ.- Թուրքիայի նախագահ Թ. Օզալը Միջին Ասիա մեկնելիս չզսպեց իրեն, ասելով, որ պետք է ատամներ ցույց տալ Հայաստանին…
ՊԱՏ.- Հույս ունենք, որ Թուրքիան ավելի զգույշ կվարվի, որքան էլ շատ սերտ են նրա հարաբերություններն Էլչիբեյի կառավարության հետ: Ի վերջո, թեկուզ ՆԱՏՕ-ի կազմում, նա որոշակի պարտավորություններ ունի, որոնք պարտավոր է հարգել: Այնպես որ, մենք պատճառ չունենք մտածելու, թե այդ առումով Թուրքիան որեւէ լուրջ քայլի կդիմի: Հայաստան-Թուրքիա պատերազմի վտանգ չի կարող լինել:

***
Այս նյութը տպագրվում էր, երբ հայտնի դարձավ, որ Սոչիում ապրիլի 8-ին հանդիպել են ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանը եւ Ադրբեջանի պետքարտուղար Փ. Հուսեյնովը՝ քննարկելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

«Երեկոյան Երեւան»  10.04.1993

 

Նախորդ հոդվածը‘Բամբակաշատի գործով ձերբակալվածներն ազատ են արձակվել. Դավիթ Մելիքյան’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Խաչատուր Սուքիասյանի ծննդյան օրն է ‘