‘Ռետրո մամուլ. Վանա Իշխանը ազատական մամուլի դերի մասին’

19381

(շարքի մասին, շարքի նախորդ նյութերը)

«Աշխատանք»-ը

 «Աշխատանք» թերթը, որի 1911 թ.-ի խմբագրականներից մեկն այսօր ներկայացնում ենք, եզակի դեր է կատարել մեր նոր պատմության մեջ: Կաղապարային որակումները, սակայն, կարեւոր, եզակի եւ այլն, կամ չոր տվյալները՝ Վանում, ապա Երեւանում 1911-1919 (ընդմիջումներով) հրապարակվող ՀՅԴ պաշտոնաթերթ, շատ քիչ բան են ասում տվյալ դեպքում: «Աշխատանքը» եղել է առաջին գծում կարեւորագույն իրադարձությունների օրերին՝ Վանի 1915-ի ինքնապաշտպանություն, Սարդարապատի ճակատամարտ… «Աշխատանքը» ոչ միայն լուսաբանել, ներկայացրել կամ մեկնաբանել է, այլեւ առաջնորդել եւ ձեւավորել է: Կարելի է առանց չափազանցության ասել, որ 1918-ի դիմադրության անհրաժեշտությունը թուրքական ներխուժմանը, որի գագաթնակետը եղավ Սարդարապատը, ձեւակերպվել է նախ «Աշխատանք»-ում: Եվ դա հեշտ չի եղել՝ թերթը հետեւողականորեն, կրքոտ պայքարի մեջ հիմնավորել է դիմադրության անհրաժեշտությունը, կռիվ է տվել թիֆլիսակենտրոն ազգային քաղաքականության դեմ, նաեւ՝ հուսալքության եւ դասալքության դեմ, ապացուցել է դիմադրության հնարավորությունն ա՛յն պայմաններում, երբ շարունակ նահանջն ու խուճապը դարձել էին նորմա, իսկ կռվով թուրքերին հաղթելու հույսն՝ անիրական (էդ հիմա ենք ասում, թե հայ ժողովուրդը միահամուռ ծառացավ ընդդեմ թուրքերի Սարդարապատում մի տեսակ միստիկ ներշնչմամբ: Եթե հարցերը լուծվեին «միստիկայով», ապա հաղթանակը հնարավոր կլիներ մինչե՛ւ թուրքերի հասնելը Երեւանի դուռը): Ավելին՝ չենք չափազանցի, եթե ասենք, որ Երեւանի որպես հայության կենտրոնի դերը նույնպես սահմանվել է շնորհիվ «Աշխատանքի»: Թերթը գրել է այդ դերի մասին դեռեւս 1918-ից առաջ, երբ դրա մասին ոչ ոք չէր մտածում, եւ երբ Թիֆլիսի կենտրոնական դիրքն ինքնին պարզ էր թվում: «Աշխատանքի» հրապարակումներին մենք դեռ հաճախ առիթ կունենանք անդրադառնալու:

Ավելացնենք նաեւ, որ այս թերթում են սկսել իրենց գրական ուղին շատերը, որոնց թվում Վահան Թոթովենցն ու Լեռ Կամսարը: Իսկ թերթի խմբագիրներ տարբեր ժամանակներում եղել են Իշխանը (Պողոսյան Նիկոլ), Արամ Մանուկյանը, Բարունակ Կապուտիկյանը (Սիլվա Կապուտիկյանի հայրը): Այսօր մենք կանդրադառնանք «Աշխատանքի» գործունեության սկզբնական՝ Վանյան շրջանին՝ ներկայացնելով Իշխանի գրած խմբագրականներից մեկը՝ նվիրված հայ մամուլին:

Իշխանը

Մի քանի խոսք ասենք նաեւ Վանա Իշխանի մասին: Մեզանում այդ շրջանի գործիչները, նրանց թվում՝ Իշխանը, հայտնի են հիմնականում որպես «ֆիդայի» (չնայած բառիս նեղ իմաստով՝ Իշխանը, ինչպես նաեւ նրա նման շատերը՝ Արամը, Հրայրը, Ռուբենը ֆիդայի չեն եղել), որոնց մասին պատկերացումները սահմանափակվում են դպրոցական կարճ հատվածներից կամ էլ հայկական համացանցում սփռված անկապ նյութերից վերցված գրեթե ծաղրանկարի աստիճան պարզեցված կարծրատիպերով: «Պատրոնդաշս կապել եմ», սարերում, չգիտես ինչու, «տրճիկ տվող», ահազդու բեղերով ու փափախով «հերոսներ»: Իրականությունն, իհարկե, այլ է եւ ավելի բարդ: Լեռներում «տրճիկ տվող» գործիչների մեծ մասը՝ Աղբյուր Սերոբից մինչեւ Իշխան եղել են նախ եւ առաջ խոհեմ կազմակերպիչներ, ոչ միայն զինվորական, այլեւ քաղաքական եւ հաճախ՝ մտավորական առաջնորդներ: Հատկապես այն սերունդը, որի ներկայացուցիչն է Իշխանը, ուշագրավ է այդ առումով:

Դա ազատագրական պայքարի երկրորդ սերունդն էր՝ 1880-ականներին ծնվածները, որոնց մեծ մասը մահացավ 40-ը չբոլորած, բայց նույնիսկ նրանք, որոնք վերապրեցին իրենց արած-չարածն, այս կյանքում հասցրին անել 20-40-ի արանքում: Սրանք հիմնականում արեւելահայ գավառական մտավորական ընտանիքների զավակներ էին, որոնք ուսումները կիսատ թողած, 20-ամյակները հազիվ բոլորած հայտնվում են Արեւմտյան Հայաստանում՝ Վանում, Մուշում կամ Սասունում՝ ընդհատակյա, ամենօրյա վտանգների հետ կապված գործունեության մեջ: Այս սերունդը նախորդից տարբերվում էր իր աշխարհայացքով եւ գործելաոճով: Ավելի իրապաշտ էին, գուցե նույնիսկ ասենք՝ ավելի մռայլ ու դաժան, պակաս իդեալիստներ: Հեղափոխական խառնվածքը եւ իդեալիզմը նրանց մոտ զուգակցվում էր ամենեւին էլ ոչ ռոմանտիկ կենսականությամբ: Այսպես կոչված ցուցական պայքարը՝ ապստամբությունները եւ զինված աղմկալից գործողությունները եվրոպական հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով, նրանց ուղին չէր: Նրանցը հեղափոխությունն էր՝ ժողովրդի զինում եւ կազմակերպում, առանց ցուցականության, հնարավորինս թաքնված, անաղմուկ: Օտար միջամտությունը չէ՛ր նրանց նպատակը, այլ ինքնապաշտպանությունն ու ինքնակազմակերպումը:

Շատ կարճ ժամանակում՝ հիմնականում 1904-1908 թթ.-ին նոր սերնդի գործիչները կարողացան Վասպուրականում եւ Տարոնում այնպես կազմակերպել հերթական անգամ հուսալքված հայությանը, որ եղածը փաստորեն այլընտրանքային պետություն էր պետության մեջ՝ ոչ միայն իր զինվորական հատվածով, այլեւ ընդհատակյա դատարաններով, դպրոցներով եւ այլն: «Իշխան» մականունն այս առումով «ֆիքստուլություն» չէ: Օթեւան չունեցող, թափառականի կյանք վարող, մի օր կուշտ, մի օր սոված, անլվա, ոջլոտ, գրեթե պատանի Նիկոլ Պողոսյանն իրոք Վասպուրականի հարավային մասի ոչ պաշտոնական կամ «գիշերային» իշխանն էր, որին դիմում էին ոչ միայն հայերն, այլեւ քրդերը, որից սարսափում էին, որի մասին երգեր էին երգում, որը դատում էր հանցագործներին եւ հսկում շրջանի կրթական գործը:

1908-ի սահմանադրությունից հետո նա չհեռացավ Վասպուրականից, այլ անցավ խաղաղ գործունեության, բայց պահելով իր իշխանության զգալի մասը: Այդ ժամանակվա նրա կարեւոր գործերից է «Աշխատանք» թերթի հիմնումը, որի խմբագիրը նա եղավ մի քանի տարի, եւ որում նրա կողմից գրված խմբագրականները, հոդվածները (նաեւ՝ բանաստեղծությունները) բացահայտեցին Իշխանի մի նոր կողմը՝ խոսքով առաջնորդելու, իշխելու հատկությունը: Վանի պես գավառական քաղաքի համար «Աշխատանքը» երեւույթ էր, նոր տիպի խոսք ասող: Այն նաեւ միավորիչ դեր էր կատարում հայության երկու հատվածների՝ նրանում տպվող նյութերի մի մասն արեւելահայերեն էին (ղարաբաղցի Իշխանն ու Արամն այլ լեզվով չէին էլ կարող գրել), իսկ մյուսն՝ արեւմտահայերեն:

Պատահական չէ, որ նախքան Վասպուրականի հայության բնաջնջումը կազմակերպելը, թուրքերը լուծեցին կարեւորագույն խնդիրը՝ սպանեցին Վանա Իշխանին, բայց ոչ թե բաց կռվում, այլ դավադրաբար՝ կանչելով բանակցությունների: Ճակատագրի դառը հեգնանք էր ա՛յն, որ Արեւելյան Հայաստանում ծավալված կամավորական շարժման ծանր գինը վճարեցին նախեւառաջ այն գործիչները, որոնք սերտորեն կապված լինելով բուն երկրի հետ, դեմ կամ վերապահ մոտեցում ունեին ռուսների կողմից թուրքերի դեմ կռվելու գաղափարին:

Պետք չէ կարծել, որ Իշխանի եւ նրա նմանների՝ ընդամենը մի քանի տարում ստեղծածն անդառնալիորեն կորավ-գնաց: Եթե մեր ազատագրական շարժումից ինչ որ «քյար» մնաց, ապա դա հաստատապես նրանց գործն էր: Կարճ ճամանակում կազմակերպված, զինվորական գործին վարժեցված եւ գաղափարականացված Վանի, Մոքսի, Շատախի, Մուշի, Սասունի ժողովուրդը դարձավ այն ուժը, որն առաջին գծում կռվեց հանուն անկախության 1918-21 թթ.-ին:

«Աշխատանք» շաբաթաթերթ, 23 հունվար, 1911, խմբագրական

Ազգային մամուլը

Մեր ազգային վերածնության գործոններից մեկը եւ ամենախոշորն է մամուլը ու գրականությունը։ Մամուլը, որ պիտի տար ազգային կյանքին նոր թարմ, սոցիալ-տնտեսական կյանքին համապատասխան ճշմարտություններ, վերլուծեր հասարակական երեւույթները, յուր հոռի պակասավոր կողմերով տար նրանց արժեքը՝ միշտ առաջնորդվելով գեղեցկի, ճշմարտության եւ գաղափարականի տեսակետից։

Եվ, սակայն, ոչ մի երկրում մամուլի դերը չի հասած այն բացասական դիրքին, ինչպես մեր մեջ՝ մասնավորապես սահմանադրությունից[1] վերջ։ Ամեն մի երկրում նոր իրավակարգերի հաստատումով առաջ է գալիս դասակարգային շերտավորում՝ իրա ուժեղ թափով, որը արտահայտվում է մամուլի եւ գրականության մեջ։ Դասակարգային շերտավորմամբ նույն հասարակական տնտեսական կյանքի մեջ առաջանում է պայքարը։ Պայքարը սրբազան է եւ բարձր, երբ նա տարվում է սկզբունքային հիմնավորումներով ու փոխադարձ հարգանքով։ Իսկ երբ նա իջնում է ցած, եւ փոխանակ մտքի՝ գործածվում է կիրքը, փոխանակ սկզբունքի՝ անձնական խծբծանքը, այն ժամանակ այդպիսի մի պայքարը կորցնում է յուր կրթիչ եւ դաստիարակիչ կողմը եւ այլասեռում հասկացողությունը, թունավորում հասարակական միտքն ու բարոյականությունը։ Այսպես է ահա մամուլը առանց բացառության։

Սահմանադրական կարգերի հաստատումով հայ մեռած մտքի աշխարհում սկսեց շարժում, եւ մի քիչ լավատեսները կարծում են, որ հայ Իբսենը առաջնիս է։ Որ հայ գրականությունը եւ մամուլը ազատվել է կապանքներից ու բռնակալության ճիրաններից, պիտի բարգավաճեր, ծաղկեր, նույնիսկ յուր ազդեցության ենթարկեր հարեւան կուլտուրապես ցածր ժողովուրդներին։

Եվ այսօր մենք հոռետեսությամբ եւ հուսահատությամբ կանգնած ենք մամուլի եւ գրականության անմխիթար ու այլասեռող պատկերի դիմաց, որը օրավուր դեպի բարոյական անկումն է առաջնորդվում։

Պայքարը, հնի ու նորի գաղափարական ու սկզբունքային կռիվը մեր մեջ երեւան եկավ յուր գռեհիկ գոյությամբ, յուր անդուրեկան այլանդակությամբ։ Դասակարգային ըմբռնումների բախումը առաջացրեց մի մարտ, որի մեջ չկար ո՛չ մի ազնիվ, բարձր բան, այլ ամեն ինչ կրքոտ ու այլանդակ, ամեն բան անբարոյականացնող ու այլասեռող։ Բոլոր երկրներում հինը, պայքարի ու մարտի անընդունակ հինը՝ յուր գոյութան սպառման ժամանակ, հրապարակ է հանել յուր պայքարի ո՛չ դուրեկան, ո՛չ ազնիվ զենքերը։ Ուրիշ երկրներում էլ նրանք իրանց վտանգի րոպեին բռնել են այնպիսի իրերի, սրբությունների օձիքից, որոնց արժեքն իրանց համար ոչնչի է հավասար։ Բայց մեր ազգային կյանքի հետ, զուրկ հիմնավոր պատրաստականությունից, զուրկ բարոյական կազմակերպված սկզբունքներից, այլեւս ոչ մի հնարավոր եւ անհնար միջոցի առաջ կանգ առան։ Մեր գրական շուկան մենաշնորհ էր դեռ բռնապետության ժամանակ՝ հասարակական ազգային զեղծարարներին, ժուռնալչիներին եւ անգույն պարազիտներին։ Եվ այդ բարոյական առաքինություններով օժտված մարդիկ, իրանց աթոռների վրա ամուր մնացին նոր կարգերի, նոր մտածողության ու բարոյականության շրջանին։

Հայ մամուլը հեռու մնաց հասարակական մտքի դաստիարակության գաղափարից, չտվեց հայ կյանքին բարոյական, գեղարվեստական հագուրդ։ Այլ ընդհակառակը՝ ավելի աղճատեց առանց այն էլ աղճատված բարոյական սկզբունքները, խեղաթյուրեց ճշմարտությունները, զարկ տվավ մեր բարքերի այլանդակման, շոյեց հասարակական հոռի բնազդները, զարգացրեց դրանք։

Ահա «Բիւզանդիոն»-ներ, «Ժամանակ»-ներ՝ իրանց խախուտ բարոյական կառուցվածքներով, գերի առօրյա շահերի, ստրուկ դրամի անողոք փայլին։ Ահա «Կավռօշ»-ներ՝ իրանց փողոցային լուտանքներով, իրանց ոճրոտ բարոյական հասկացողությամբ մամուլի վերաբերմամբ[2]։ Ահա դրանք. հնացած եւ կտրված պահպանողականների կրքոտ ու անսկզբունք իդեոլոգներ, իրանց փոփոխական անդուր ու արատավոր դիմագծերով։ Որոնց միակ զենքն է զեղծումը։ Խեղաթյուրում ամբոխի կրքերի ու վայրենի բնազդների իշխելուն նույնքան բարոյականությունից հեռու գործելակերպը։

Շատ բնական է եւ տրամաբանական է Քեչյանների, Քասիմների[3] անճարացած վայնասունը։ Գրական թարթափների այդ անզուգական չնաշխարհիկ ժողովածուն տարիներ շարունակ իրենց  բարոյական առաքինություններն են կռել կոփել… Որը հիմնված է ստի, կեղծիքի, խաբեության գրական շանտաժի հիմքի վրա… Որ ունի միայն մի նպատակ… կանգուն մնալ աթոռի վրա… եւ կողոպտել հայ մտքի հետ նույնքան նշանակալից հայ գրպանը։ Եվ այդ գերագույն նպատակի առաջ տարիներ շարունակ նվաստացել, երկրորդական տեղ են բռնել ճշմարտությունը, բարոյականությունը ու հանրային շահը։ Ու հասկանալի է նրանց օրհասական կռիվը… ու հասկանալի է, որ նրանք արդեն իրենց վերջին զենքերն են սպառում… թեեւ ո՛չ ներելի եւ ո՛չ բարոյական։

Բայց այդպես չպիտի լիներ ազատական գրականության պատկերը։ Նոր աշխարհակալության դիմող ազատական հոսանքները, ընդհակառակը, պետք է բարձր մնային այն ճահճից, որ ստեղծել է ցանկանում հինը։ Նրանք չպետք է իջնեին պահպանողականության կեղտոտ դիրքերը եւ պիտի հեռու մնային պահպանողական բանակի գործադրած զենքերից։ Որովհետեւ այդտեղ հենց իրանց գաղափարի անկումը պիտի լիներ։ Ազատական մամուլը, որ յուր շահած ու արմատացած բարձր սկզբունքները ուներ, որ գալիս է տապալելու հինը յուր բոլոր այլանդակ ու ճահճացած կողմերով, նա պիտի բարձր կանգնած լիներ յուր գաղափարի ու սկզբունքների դիրքերում։ Եվ այնտեղից հպարտ, անդուլ ռմբակոծեր հնի խարխուլ շենքերը։ Բայց ազատական մամուլները, երեւի շուտափույթ հաղթանակի անհամբերողությունից, վայր իջավ յուր դիրքերից եւ սկսեց պայքարել նման զենքերով։ Ազատականությունը պիտի ըմբռնի յուր առաքելության մեծությունը։ Նա պիտի հասկանա, որ ինքը ներկայիս հասարակությունը կրթելու, դաստիարակելու մեծագույն պարտականությունն ունի։ Պահպանողականների «ինձնից հետո ջրհեղեղին» նրանք պիտի պատասխանեին «ձեզնից հետո ազատական, դաստիարակված ժողովուրդ»։

Եվ այդ դաստիարակությունն ինքը ազատականությունն է, որ պիտի տար։

Բայց ազատական մամուլը չկարողացավ յուր կոչման բարձրության վրա մնալ։ Նա էլ զարկ տվավ մեր ժողովրդի բարքերի եւ բարոյականության անկումին։ Եվ տարիները բոլորեցին, բայց մեր շահը շատ չնչին է։

Պայքարի եւ քննադատության անողոք մարտիկ ազատականությունը կանգ չպիտի առնե։ Նա պիտի ընթանա դեպի առաջ, հայացքը բարձր, կուրծքը ցցած առաջ, նոր կյանքի, նոր բարոյականության երգը շրթերին. մենք չենք կասկածում նրա փառավոր հաղթանակին, որովհետեւ նա ծնունդ է նոր կյանքի եւ նոր դրության։

Միայն հպարտ ազատականներ՝ գիտակից պայքարողի ազնիվ ու մաքուր զենքերով։ Եվ այն ժամանակ պահպանողական հուսահատ բանակից շպրտված ցեխը չի կարող ձեր գարշապարներին անգամ դիպչել… յուր շահերի գիտակից  գավառը ձեր թիկունքն է… եւ ձեր ազնիվ պայքարի առաջապահը կլինի։

 



[1] Նկատի ունի Օսմանյան 1908 թ. Սահմանադրությունը:

[2] «Բյուզանդիոն», «Ժողովուրդ», «Գավռոշ»՝ բոլորն էլ այդ տարիներին Պոլսում հրատարակվող պարբերականներ:

[3] Քեչյան՝ Բյուզանդիոնի, Քասիմ (Միսակ Գոչունյան)՝ Ժամանակի հիմնադիր եւ խմբագիր

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Oթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Газпром VS Socar, թե՞ West vs Russia’